ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն առաջարկը, որով Բաքվին առաջարկվում է զուգահեռաբար «փակել» այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» և Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի թեմաները ոչ միայն վտանգավոր է, այլև փաստացի լեգիտիմացնում է Ադրբեջանի կողմից առաջ քաշված կեղծ թեզերը։ Նման կարծիքի է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
Առաջարկը անընդունելի է և՛ քաղաքական, և՛ պատմական առումով
Քաղաքագետի խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը վերջին տարիներին հորինվել է Բաքվում և որևէ պատմական կամ իրավական հիմք չունի։ Մինչդեռ Արցախի հայության հարցը հիմնված է հստակ պատմական փաստերի վրա։ «Արցախի հայերը դարեր շարունակ ունեցել են ինքնավարության տարբեր ձևեր՝ սկսած մելիքություններից մինչև Խորհրդային Միության տարիների Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը»,- նշում է նա։
Համբարյանը հիշեցնում է, որ նույնիսկ այն ժամանակաշրջաններում, երբ Հայաստանը անկախ պետություն չի եղել, Արցախում հայերը միշտ կազմել են բացարձակ մեծամասնություն և օգտվել են ինքնակառավարման որոշակի մեխանիզմներից։ Այդ համատեքստում, նրա խոսքով, Արցախի հայերի վերադարձի հարցը նույն հարթության վրա դնելը «Արևմտյան Ադրբեջանի» հետ՝ քաղաքական և պատմական առումով անընդունելի է։
«Արցախի հայերին դարձնել Բաքվի հետ բանակցությունների առևտրի առարկա՝ պարզապես զավեշտ է»,- ասում է քաղաքագետը՝ հավելելով, որ տարածաշրջանի պատմությունը ուսումնասիրող առաջատար մասնագետները միշտ Արցախի հայության իրավունքը ներկայացրել են որպես փաստ, մինչդեռ «Արևմտյան Ադրբեջան» թեզը Ալիևի կողմից հորինված միֆ է։
Առաջարկներ՝ առանց արդյունքի
Համբարյանը հիշեցնում է, որ 2020 թվականի նոյեմբերից հետո Փաշինյանը բազմաթիվ առաջարկներ է արել Ադրբեջանի նախագահին, սակայն դրանցից ոչ մեկը լուրջ չի ընդունվել պաշտոնական Բաքվի կողմից։ Ընդհակառակը, նրա խոսքով, Ադրբեջանը շարունակել է գործել Հայաստանի շահերին հակառակ՝ ուժեղացնելով իր դիրքերը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ իշխանությունները փորձում են «խաղաղությունը» ներկայացնել որպես բրենդ և այն «վաճառել» հայ հասարակությանը՝ որպես ձեռքբերում։ Սակայն, ըստ Համբարյանի, այդ քաղաքականությունը ունի հստակ գին, որը Հայաստանը դեռ պետք է վճարի։

