Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը արդեն տեսանելի է․ դրա «ոտնաձայները» վաղուց էին լսվում, իսկ այսօր այն կամաց-կամաց հստակ ուրվագծվում է։ Այս մասին նշում է թուրքագետ Տիրան Լոկմագյոզյանը՝ անդրադառնալով գլոբալ քաղաքական վերադասավորումներին և դրանցում Թուրքիայի հավակնություններին։
Մեծ հավակնություններ՝ էրդողանական փուլից
Լոկմագյոզյանի գնահատմամբ՝ Թուրքիան, իհարկե, ձգտելու է իր տեղն ունենալ նոր ձևավորվող համակարգում, սակայն ի տարբերություն այլ պետությունների՝ նրա հավակնությունները շատ ավելի ընդգծված են։
«Շատ երկրներ հիմնականում ցանկանում են պարզապես ներգրավված լինել նոր ձևավորվող կառուցվածքում, լինել դրա մաս, սակայն Թուրքիան տարիներ շարունակ՝ հատկապես էրդողանական ժամանակաշրջանից սկսած, հանդես է գալիս մեծ հավակնություններով։ Նա չի բավարարվի շարքային մասնակցի դերով, այլ կփորձի ամրապնդվել որպես կենտրոնական, հիմնական խաղացողներից մեկը»,– նշում է նա։
Թուրքագետի խոսքով՝ Անկարան արդեն իսկ «դաբրո» ստացել է այսպես կոչված Մեծ Թուրանի ձևավորման գաղափարի ուղղությամբ և հետևողականորեն շարժվում է այդ ուղղությամբ։
Ամերիկյան քաղաքականության խորքային շարունակականությունը
Անդրադառնալով ԱՄՆ քաղաքականությանը՝ Լոկմագյոզյանը շեշտում է, որ ԱՄՆ վարչակազմերի փոփոխությունը չի նշանակում քաղաքականության կտրուկ վերանայում։ Նա հիշեցնում է, որ Միացյալ Նահանգները «խորքային պետություն» ունեցող երկիր է, և արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշները չեն փոխվում իշխանափոխության հետ։
Թեև նախկինում գլոբալիստական մոտեցումներն էին գերիշխում, իսկ այսօր ավելի ընդգծված են ազգայնական շեշտադրումները՝ հատկապես Դոնալդ Թրամփի պարագայում, ընդհանուր ռազմավարական նպատակները նույնն են։ «Փոխվում են ճանապարհները, ոչ թե վերջնանպատակը»,– նշում է նա։
Լոկմագյոզյանի դիտարկմամբ՝ Թրամփը գլոբալիստ չէ և հանդես է գալիս ազգային շահերի առաջնայնության դիրքերից՝ շեշտադրելով ամերիկյան ուժեղացման օրակարգը։ Սակայն նույնիսկ այդ պարագայում ԱՄՆ-ը չի հրաժարվում ազդեցությունից կարևոր տարածաշրջաններում, այդ թվում՝ Անդրկովկասում և Իրանի շուրջ զարգացումներում։
Իսրայել, Իրան և Թուրքիայի գործոնը
Թուրքագետը առանձնացնում է երկու առանցքային ուղղություն, որոնք պայմանավորում են ԱՄՆ ակտիվությունը տարածաշրջանում։ Առաջինը կապված է Իսրայելի և Իրանի հակամարտության հետ։ Նրա գնահատմամբ՝ Իսրայելը շահագրգռված է Իրանի թուլացմամբ, իսկ ԱՄՆ-ը երբեք քայլ չի ձեռնարկի, որը կվնասի Իսրայելի շահերին։ Նա ընդգծում է, որ Թրամփը հայտնի է իր իսրայելամետ դիրքորոշմամբ և ունի նաև ամուր կապեր հրեական շրջանակների հետ։
Երկրորդ կարևոր հանգամանքը Թուրքիան է։ Լոկմագյոզյանի խոսքով՝ Սառը պատերազմի ավարտից հետո շատերը կանխատեսում էին Թուրքիայի դերի նվազում կամ նույնիսկ մասնատում, սակայն այդ կանխատեսումները չիրականացան։ «Թուրքիան եղել և մնում է ՆԱՏՕ-ի գլխավոր հենարանը այս տարածաշրջանում»,– նշում է նա՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը չի փոխի այն ուժին, որը տասնամյակներ շարունակ արդյունավետ ծառայել է իր ռազմավարական շահերին։
«Այսօր Թուրքիան շարունակում է արդյունավետ կատարել իր դերը, այս պարագայուն ինչու՞ ԱՄՆ-ն պետք է նրան փոխարինի»,– ընդգծում է նա։ Իր հերթին Թուրքիան, օգտվելով այս հանգամանքից, նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացներում կփորձի առավելագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունները և էլ ավելի ամրապնդել իր դիրքերը՝ ոչ միայն որպես տարածաշրջանային, այլև որպես ավելի լայն ազդեցություն ունեցող դերակատար։

