Աշխարհն այսօր գտնվում է արմատական վերափոխումների և գլոբալ ցնցումների փուլում, այն աշխարհակարգը, որը գոյություն ուներ տասնամյակներ շարունակ, փաստացի այլևս գոյություն չունի։ Այս մասին նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա խոսքով՝ միջազգային հարաբերությունները վերաձևակերպվում են, և աշխարհը շարժվում է դեպի նոր համակարգ, որի վրա վճռորոշ ազդեցություն են ունենալու ինչպես Իրանի շուրջ ընթացող զարգացումները, այնպես էլ ուկրաինական պատերազմի ավարտից հետո ձևավորվելիք պայմանավորվածությունները։ «Մենք գնում ենք դեպի նոր միջազգային հարաբերությունների ձևավորում։ Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք կբերվեն Իրանի պատերազմի և ուկրաինական պատերազմի ավարտից հետո, լոկ տեղային համաձայնագրեր չեն լինելու։ Դրանք որոշելու են ամբողջ աշխարհակարգի ապագան», — նշում է քաղաքագետը։
Այս համատեքստում, ըստ նրա, նույնիսկ տարբեր երկրների տեղական կամ խորհրդարանական ընտրություններն ունեն հստակ աշխարհաքաղաքական նշանակություն։ Դանիելյանը համոզված է, որ իշխանությունների փոփոխությունը տարբեր երկրներում այլևս չի սահմանափակվում ներքաղաքական ազդեցությամբ և անմիջապես անդրադառնում է տվյալ պետության արտաքին քաղաքական կողմնորոշման վրա։ Որպես օրինակ նա նշում է Վրաստանը, որտեղ վերջին տարիներին շարունակվող ներքաղաքական լարվածությունը, ըստ նրա, իրականում աշխարհաքաղաքական պայքարի արտահայտություն է։
Նույն տրամաբանությամբ Դանիելյանը անդրադառնում է նաև Սերբիային, որտեղ, նրա խոսքով, այս պահին ընթանում են զանգվածային բողոքի ցույցեր՝ երկրի նախագահի և խորհրդարանի ղեկավարության հրաժարականի պահանջով։ Քաղաքագետի գնահատմամբ՝ Սերբիայում նույնպես տեղի ունեցող գործընթացները միայն ներքաղաքական չեն, քանի որ երկիրը վերանայում է իր ավանդական արտաքին քաղաքական դիրքավորումները։ «Սերբիան արդեն հայտարարում է, որ Ռուսաստանն այլևս չի համարում եղբայրական երկիր», — նշում է նա։ Դանիելյանը հիշատակում է նաև Ռումինիան և Մոլդավիան՝ ընդգծելով, որ այդ երկրներում ևս քաղաքական զարգացումները ուղիղ կապ ունեն աշխարհաքաղաքական վերադասավորումների հետ։
Նրա խոսքով՝ հատկապես կարևոր են նաև Գերմանիայում տեղի ունեցող գործընթացները։ Քաղաքագետը նշում է, որ այնտեղ բարձր վարկանիշ ունեցող «Այլընտրանք Գերմանիայի համար» քաղաքական ուժի հնարավոր հաղթանակը կարող է լրջագույն հետևանքներ ունենալ ամբողջ Եվրոպայի համար։ «Այս ուժի առաջնորդները հայտարարել են, որ հաղթանակի դեպքում կարող են դուրս գալ Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից։ Դա նշանակում է, որ ամբողջ Եվրոպական միության կառուցվածքը կարող է փլուզվել», — ասում է Դանիելյանը։
Ըստ քաղաքագետի, առավել զգայուն և կարևոր է Հայաստանի իրավիճակը, քանի որ Հարավային Կովկասը հանդիսանում է այն տարածաշրջանը, որտեղ հատվում են միանգամից մի քանի խոշոր ուժային կենտրոնների շահերը։ Դանիելյանի համոզմամբ՝ Հայաստանում իշխանության հնարավոր փոփոխությունը կարող է բերել ֆունդամենտալ աշխարհաքաղաքական փոփոխությունների ամբողջ տարածաշրջանում։ «Հարավային Կովկասը տարածք է, որտեղ կարող է ձևավորվել կամ հավասարակշռություն, կամ դիսբալանս Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի միջև», — նշում է նա։ Այս համատեքստում քաղաքագետը կարևորում է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների հարցը՝ ընդգծելով, որ խնդիրը ճանապարհների բացվել-չբացվելը չէ, այլ այն, թե ինչ սկզբունքներով և ում վերահսկողությամբ են դրանք գործելու։ «Խնդիրը այն չէ՝ կոմունիկացիաները պետք է լինե՞ն, թե՞ ոչ։ Խնդիրը այն է, թե դրանք ինչպես են աշխատելու, ով է վերահսկելու և ում շահերն են սպասարկելու», — ասում է նա։
Դանիելյանի գնահատմամբ՝ գոյություն ունեն երկու հնարավոր սցենարներ։ Առաջին դեպքում հաղորդակցությունները կարող են վերահսկվել մեկ կամ երկու երկրների կողմից, ինչը տարածաշրջանը կվերածի մշտական հակամարտությունների և ազդեցության պայքարի գոտու։ «Այդ դեպքում սկսվում է պայքար, թե ով է վերահսկելու այդ ճանապարհները, ով է օգտագործելու դրանք մյուսների դեմ։ Այդպիսի կոմունիկացիաները կարող են բերել պատերազմների և իրավիճակի սրման», — նշում է քաղաքագետը։
Սակայն, ըստ նրա, գոյություն ունի նաև երկրորդ տարբերակը, երբ շահագրգիռ բոլոր երկրները գալիս են ընդհանուր համաձայնության և ձևավորում փոխադարձ շահերի վրա հիմնված համակարգ։ Դանիելյանը նշում է, որ այդպիսի մոդելի դեպքում հաղորդակցությունները դառնում են ոչ թե հակամարտության, այլ խաղաղության գործիք։ «Եթե Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և մյուս շահագրգիռ երկրները համաձայնության գան, ապա այդ կոմունիկացիաները կարող են բերել երաշխավորված խաղաղության», — ասում է նա։
Քաղաքագետի համոզմամբ՝ իրական խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն երաշխավորվում է ոչ թե մեկ առանձին երկրի, այլ միաժամանակ մի քանի ազդեցիկ ուժերի կողմից։ «Երբ բոլոր շահագրգիռ երկրները գալիս են համաձայնության, այդ ժամանակ է ստեղծվում երաշխավորված խաղաղություն», — ընդգծում է Դանիելյանը։

