Հայաստանի համար ռուսական գազին այլընտրանքային մատակարարումների մասին խոսակցությունները նախընտրական «բլեֆ» են, առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում Հայաստանը չունի այնպիսի գործնական այլընտրանք, որը կարող է փոխարինել ռուսական գազի ներկրումը։ Նման կարծիքի է Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
Պարզամիտ նախընտրական շահարկումներ
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե Հայաստանը շուտով կարող է ապահովվել այլընտրանքային գազամատակարարումներով Ադրբեջանի միջոցով, Հարությունյանը նշեց, որ Ադրբեջանն այսօր չունի այնպիսի հավելյալ գազային պաշարներ, որոնք կարող են միաժամանակ բավարարել թե՛ Եվրոպայի աճող պահանջարկը, թե՛ Հայաստանի հնարավոր կարիքները։
Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանի գազային հնարավորությունների վերաբերյալ հանրային պատկերացումները հաճախ չափազանցված են։ Նա նշել է, որ ներկայում Ադրբեջանը Ռուսաստանից տարեկան մոտ 10 միլիարդ խորանարդ մետր գազ է ստանում, ինչը վկայում է, որ սեփական ռեսուրսների հաշվին նոր խոշոր ուղղություններ սպասարկելու հնարավորությունները սահմանափակ են։
Նրա տվյալներով՝ Ադրբեջանի տարեկան արտահանման առավելագույն հզորությունը գնահատվում է մոտ 20-25 միլիարդ խորանարդ մետր։ Դրանցից շուրջ 10 միլիարդ խորանարդ մետրը մատակարարվում է Թուրքիային, 8 միլիարդը՝ Իտալիային, իսկ մոտ մեկական միլիարդ խորանարդ մետր՝ Բուլղարիային և Հունաստանին։ «Ավել պաշարներ պարզապես չկան», — ընդգծել է նա։
Թուրքմենական և իրանական գազի ներգրավումը ևս հարցականի տակ
Նախկին վարչապետի խոսքով՝ եթե խոսքը վերաբերում է թուրքմենական գազի ներգրավմանը Ադրբեջանի միջոցով, ապա դրա համար անհրաժեշտ կլինի գազատար անցկացնել Կասպից ծովի հատակով, ինչը քաղաքական և իրավական լուրջ խնդիրների է բախվում։
Նա հիշեցրել է, որ Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ առկա են համաձայնություններ ծովային հատվածների շուրջ, սակայն ընդերքի օգտագործման հարցերում վերջնական համաձայնություն չկա։ «Չեմ կարծում, որ Ռուսաստանը, առավել ևս Իրանը, երբևէ կհամաձայնեն նման նախագծի իրականացմանը», — նշել է Հարությունյանը։
Անդրադառնալով Իրանի միջոցով գազ ստանալու հնարավորությանը՝ նախկին վարչապետը նշել է, որ նույնիսկ այդ դեպքում Հայաստանը բախվելու է ենթակառուցվածքային լուրջ սահմանափակումների։
Նրա խոսքով՝ գործող Հայաստան–Իրան գազատարը նախատեսված չէ մեծ ծավալների տեղափոխման համար, և լրացուցիչ միլիարդավոր խորանարդ մետրեր ներմուծելու նպատակով անհրաժեշտ կլինի կառուցել նոր ենթակառուցվածքներ։
«Այն գազատարը, որն այսօր գործում է, նման ծավալների համար նախատեսված չէ։ Եթե ցանկանում ենք զգալիորեն մեծացնել ներմուծումը, պետք է նոր գազատար կառուցվի», — նշել է նա։
«Առաջիկա երկու-երեք տարում այլընտրանք չունենք»
Հարությունյանի համոզմամբ՝ եթե Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը որոշի բարձրացնել Հայաստանի համար գազի գինը, ապա մոտակա տարիներին Երևանը չի ունենա իրական այլընտրանք։ «Շոշափելի ապագայում մենք նման այլընտրանք չունենք։ Շոշափելի ապագա ասելով՝ նկատի ունեմ առաջիկա երկու-երեք տարիները», — ասել է նա։ Նրա խոսքով՝ հասարակությունը պետք է գիտակցի նման սցենարի հնարավոր հետևանքները, քանի որ դրանք անմիջապես կազդեն բնակչության կենսամակարդակի վրա։
Նախկին վարչապետը հիշեցրել է, որ անձամբ ղեկավարել է կառավարությունը 1992-1993 թվականների էներգետիկ ճգնաժամի տարիներին և պատկերացնում է նման իրավիճակի հետևանքները։«Ես եղել եմ 1992-93 թվականների մութ ու ցուրտ տարիների վարչապետը և շատ լավ գիտեմ, թե դա ինչ է նշանակում։ Եթե նման իրավիճակ ստեղծվի, դրա հետևանքները կարող են նույնիսկ ավելի ծանր լինել», — նշել է նա։ Հարությունյանի խոսքով՝ էներգակիրների թանկացումը կբարձրացնի արտադրական ծախսերը, ինչի հետևանքով բազմաթիվ ձեռնարկություններ կկորցնեն մրցունակությունը, իսկ քաղաքացիների վճարունակությունը կնվազի։
«Ես որևէ մեկին չեմ վախեցնում։ Պարզապես ասում եմ այն, ինչ համարում եմ իրական և հնարավոր զարգացում», — եզրափակել է նախկին վարչապետը։

