Վերջին ժամանակաշրջանի բոլոր սոցիոլոգիական հարցումները վկայում են Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի կայուն անկման մասին: Սակայն պարադոքսն այն է, որ հիասթափված ընտրողները չեն անցնում ընդդիմության կողմը: Ընդհակառակը, ընդդիմադիր ուժերի վարկանիշը նույնպես նվազման միտում ունի: Փաստացի, հասարակության զգալի մասն ընթանում է դեպի քաղաքական «ոչ մի տեղ»՝ հրաժարվելով մասնակցությունից քաղաքական կյանքում:
Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Ինչո՞ւ է հայ ընտրողը հիասթափվում իշխող կուսակցությունից, բայց ընդդիմությունում այլընտրանք չի տեսնում: Եվ ի՞նչ է դա ասում հասարակության և քաղաքական համակարգի ներսում ընթացող խորքային գործընթացների մասին:
2018 թվականին Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ արդարության, հավասարության և պետությունը «կոռումպացված էլիտաներից» ազատելու կարգախոսներով: Նրա հռետորաբանությունն ու ոճը մեծապես նման էին հորիզոնտալիստական շարժումներին՝ ուղիղ ժողովրդավարություն, առավելագույն թափանցիկություն, «պարզ մարդու» մասնակցություն կառավարմանը:
Ըստ սոցիոլոգ Արթուր Պարոնյանի, ՀՀ-ում որոշ ընտրողներ՝ հիմնականում ցածր եկամուտներով և ցածր կրթական մակարդակով հասարակության խավի նեկկայացուցիչները, իրականում յուրօրինակ անարխիստ են: Նրա խոսքով, սոցիոլոգիական հարցումների և տարբեր ֆոկուս խմբերում անցկացված հետազոտությունների տվյալները վկայում են, որ այս խմբի համար արդարությունը նշանակում է նյութական բարիքների ստացում՝ անկախ նրանից, աշխատում են նրանք, թե ոչ, և որքանով են արդյունավետ աշխատում: «Որտեղի՞ց պետք է գան այդ միջոցները՝ հարց, որը շատ դեպքերում չի բարձրացվում: Ինտուիտիվ մակարդակով նրանց մոտ գերակշռում է համոզմունքը, որ հարուստներից կարելի է վերցնել և փոխանցել աղքատներին՝ նրանից «չի պակասի» համոզմամբ», — նշել է նա:
Պարոնյանը նշել է, որ 2018 թվականին գործող վարչապետը այս խմբերին հույս է տվել, որ հենց այդպես էլ կվարվի՝ կվերաբաշխի ռեսուրսները՝ վերցնելով միլիոնատերերից և փոխանցելով «ժողովրդին»: Սա շատերի համար ընկալվել է որպես կյանքի մակարդակի անմիջական բարելավման հնարավորություն: Սակայն տարիներ անց հույսը փոխարինվել է խորը հիասթափությամբ և նույնիսկ ատելությամբ: Այսօր այս խմբերը ապրում են «ոչ նախկիններ, ոչ ներկաներ» պարադիգմով: Նրանք մերժում են ընդդիմությանը՝ կապելով այն անցյալի անարդարության հետ, բայց միևնույն ժամանակ մերժում են նաև գործող իշխանությանը՝ չիրականացված սպասումների պատճառով:
«Այս սոցիալական երկատվածության մեջ արտահայտվում է վստահության խորը ճգնաժամ: Մարդիկ տեսնում են, որ, պայմանականորեն ասած, Գագիկ Ծառուկյանը շարունակում է մնալ հարուստ, իսկ իրենք՝ աղքատ: Խնդիրն այն է, որ ժամանակին իշխանության ձգտող այս թիմը գիտակցաբար օգտագործել է այդ սպասումները, բայց իշխանության ղեկին հայտնվելուց հետո չի սկսել բաց և անկեղծ խոսակցություն տնտեսական իրողությունների մասին: Չեն ձևակերպվել ո՛չ այն սկզբունքները, որոնցով պետք է զարգանա երկիրը, ո՛չ էլ ռազմավարություն, որը յուրաքանչյուրին կտա ազնվորեն վաստակելու հնարավորություն:
Արդյունքում հասարակության զգալի մասի մոտ ձևավորվել են արդարության վերաբերյալ վտանգավոր և պատրանքային պատկերացումներ, որոնք անհնար է իրականացնել կայուն պետական կառուցվածքի շրջանակներում: Սա այլևս ոչ միայն առանձին սոցիալական խմբերի խնդիր է, այլ մարտահրավեր ամբողջ համակարգի համար: Նման սպասումները, որոնք մնում են առանց պատասխանի, վերածվում են «սոցիալական ռումբի», — նշել է Պարոնյանը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է ընտրողների մոտ 20%-ին:
Ընդդիմության ընտրողների կորստի պատճառներից մեկն այն է, որ բողոքի ուժերը չեն ընկալվում որպես լուրջ հակակշիռ, քանի որ անցած ժամանակաշրջանում չեն կարողացել որևէ արդյունքի հասնել: Ավելին, ընդդիմությունից հեռացած ընտրողների մի մասը համոզված է, որ ընդդիմությունը բաց է թողել իր հնարավորությունը՝ «գնացքը գնացել է»: Ինչ վերաբերում է Փաշինյանից հիասթափված ընտրողներին, նրանց համար ընդդիմությունը հենց այն ուժերն են, որոնք «պետք է վերցնեին» (հաշվից), ուստի նրանք չեն անցնի ընդդիմության կողմը:
Արդյունքում Հայաստանը բախվում է քաղաքական սուբյեկտայնության ճգնաժամի: Ընտրողը չի վստահում ո՛չ հաստատություններին, ո՛չ կուսակցություններին, ո՛չ էլ քաղաքական հռետորաբանությանը՝ անկախ նրանից, իշխանությունից է այն գալիս, թե ընդդիմությունից: Սա երևույթ է, որը նման է Արևելյան Եվրոպայի և Լատինական Ամերիկայի միտումներին, որտեղ հեղափոխություններից կամ իշխանափոխություններից հետո՝ պոպուլիզմի ալիքի վրա, հիասթափությունը հանգեցնում է ոչ թե կուսակցությունների փոփոխության, այլ քաղաքական մասնակցության գաղափարից օտարացման: Նման քաղաքացին վերածվում է «որբ ընտրողի»՝ նա քաղաքականապես ակտիվ է, բայց չի զգում, որ որևէ ուժ ներկայացնում է իրեն:

