Վերջին խորհրդարանական ընտրությունների ամբողջական լեգիտիմության վերաբերյալ լուրջ կասկածներ կան։ Նման կարծիքի է քաղաքագետ և լրագրող Թաթուլ Հակոբյանը։
«Հիմնական արդյունքներից մեկն այն է, որ ամենաշատ ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իսկ երկրորդ ամենամեծ աջակցությունը ստացել է գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը։ Սա փաստ է, կան բաներ, որոնք պարզապես պետք չէ վիճարկել», – նշում է Հակոբյանը։ Դրա հետ մեկտեղ կարևոր փաստ է նաև այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարել է խորհրդարան անցնելու շեմը, սակայն ներկայացված չէ նոր խորհրդարանում, նշեց նա։
Կասկածներ ընտրական գործընթացի որոշ դրվագների վերաբերյալ
Հակոբյանը նշեց, որ այն սոցիոլոգիական հարցումները, որոնց կազմակերպմանը մասնակցել է նաև ինքը, նախապես ցույց էին տալիս ԲՀԿ-ի շուրջ 8 տոկոսանոց աջակցություն, որը հետագայում նվազել էր մինչև 6–6,5 տոկոս։ Քաղաքագետը խոստովանում է, որ հետագա զարգացումները՝ ինչպես ընտրարշավի ժամանակ, այնպես էլ ընտրություններին, հարցեր և մտահոգություններ են առաջացնում։
Հակոբյանի խոսքով՝ ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ կուսակցության առանցքային դեմքերից մեկի՝ Անդրանիկ Թևանյանին առաջադրած լրտեսության մեղադրանքը, ազդել են քաղաքական միջավայրի վրա։
Քաղաքագետի կարծիքով՝ հարցեր են առաջացնում նաև ընտրությունների գիշերը արձանագրված որոշ ցուցանիշների փոփոխությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ չի իրականացվել։
«Մենք տեսանք, որ երեք ընտրատեղամասերում վերաքվարկություն չի դրվում, ես կասկած չունեմ, որ դա արվել է հատուկ, արվել է, որպեսզի «Բարգավաճ Հայաստանը» չմտնի խորհրդարան: Ես չեմ կարող դա ապացուցել, որովհետև խոսքը քաղաքական գնահատականի մասին է, սակայն այն գործընթացները, որոնց մենք հետևել ենք, նման կասկածների տեղիք են տալիս», – նշում է նա։
Գագիկ Ծառուկյանին, պատժում են
Պատասխանելով այն հարցին, թե ինչու իշխանությունները կարող էին հետաքրքված լինել հենց ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան արգելելու մեջ, Հակոբյանը նշեց․ «Եթե կարճ ասեմ՝ պատժում են Գագիկ Ծառուկյանին»։
Հակոբյանը չի բացառում, որ նախկինում կարող էին գոյություն ունենալ քաղաքական պայմանավորվածություններ, որոնց համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը խորհրդարան անցնելու դեպքում կարող էր համագործակցել «Քաղաքացիական պայմանագրի» հետ և աջակցել իշխանություններին, մասնավորապես սահմանադրական փոփոխությունների գործընթացում։
Նրա գնահատմամբ՝ հնարավոր է, որ ինչ-որ փուլում Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է նման համագործակցությունից, ինչից հետևանքով «կրում է իր պատիժը, ինչն անընդունելի է»։
«Պատժում են նաև Լուկաշենկոյին, որովհետև պարոն Ծառուկյանը ասոցացվում էր Լուկաշենկոյի հետ», – նշում է նա։
Քաղաքագետը հիշեցնում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի հասցեին հանդես է եկել կոշտ և անընդունելի հայտարարություններով, ինչը լրջորեն վատթարացրել է Երևանի և Մինսկի հարաբերությունները։ Եվ հիմա նման մոտեցումներով իշխանությունը փորձում է պատասխանել նաև Բելառուսի նախագահին։

