Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը կառավարության քննարկմանն է ներկայացրել նախաձեռնություն, որով առաջարկվում է պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը և դատապարտել դրա ժխտման քաղաքականությունը։ Նախաձեռնությունն արդեն հաջորդ շաբաթ կքննարկվի Քնեսեթում։
Ինչ է առաջարկում արտգործնախարարը
Ըստ քաղաքական մեկնաբան Արտյոմ Երնկանյանի՝ Սաարի ներկայացրած հիմնավոչման մեջ նշվում է, որ, չնայած գոյություն ունեն բազմաթիվ պատմական փաստեր և ապացույցներ, որոնք հաստատում են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան մինչ օրս շարունակում է դրա ժխտման պետական քաղաքականությունը։
Հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ առաջարկվում է ոչ միայն պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, այլև դատապարտել Թուրքիայի կողմից պատմական իրողությունը ժխտելու բոլոր փորձերը, ասաց նա։
Սակայն կառավարության հավանությունը, նշեց Երնկանյանը, չի նշանակի գործընթացի ավարտ։ Այն կուղարկվի Քնեսեթ, որտեղ պետք է քննարկվի և դրվի քվեարկության։
Քաղաքական նախաձեռնությո՞ւն, թե՞ ճնշման գործիք
Նրա խոսքով՝ թեև նախաձեռնությունը ներկայացվել է արտգործնախարարի կողմից, դժվար թե այն նախարարության ինքնուրույն քայլ է։ Հաշվի առնելով Իսրայելի քաղաքական համակարգը՝ ակնհայտ է, որ այն համաձայնեցված է վարչապետի հետ և արտահայտում է գործող իշխանությունների ընդհանուր քաղաքական մոտեցումը։ Սակայն գլխավոր հարցն այն է, թե արդյոք այս անգամ նախաձեռնությունը կհասնի իր տրամաբանական ավարտին։
Երնկանյանը հիշեցրեց, որ գործընթացը ծավալվում է Իսրայել-Թուրքիա հարաբերությունների հերթական սրման պայմաններում։ Վերջին ամիսներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և թուրք բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար մեղադրում են Իսրայելին Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Այդ ֆոնին Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայի ակտիվացումը շատերի գնահատմամբ կարող է ունենալ քաղաքական նպատակներ։
«Մասնավորապես, նախաձեռնությունը կարող է ծառայել երկու խնդիրների լուծմանը։ Առաջինը՝ Թուրքիային զրկել ցեղասպանության թեմայով բարոյական բարձր դիրքերից հանդես գալու հնարավորությունից։ Երկրորդը՝ ցույց տալ Անկարային, որ Իսրայելը պատրաստ է օգտագործել Թուրքիայի համար առավել զգայուն պատմական հարցերից մեկը՝ որպես քաղաքական ճնշման միջոց», նշեց քաղաքական մեկնաբանը։
Իսրայելական մամուլը չի թաքցնում շարժառիթները
Հատկանշական է, որ նման գնահատականներ հնչում են նաև հենց իսրայելական լրատվամիջոցներում։
«Օրինակ՝ The Times of Israel-ը գրել է, որ Իսրայելը երկար տարիներ խուսափում էր պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն Էրդողանի կողմից Գազայի իրադարձությունների վերաբերյալ հնչող կոշտ մեղադրանքներից հետո Իսրայելի իշխանությունները որոշել են պատասխանել հենց այդ թեմայով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը դարձնելով քաղաքական հակաքայլ Թուրքիայի նկատմամբ», — ցիտեց Երնկանյանը։
Այսպիսով, նույնիսկ իսրայելական մամուլում չեն թաքցնում, որ նախաձեռնությունն ուղղակիորեն կապված է երկու երկրների միջև առկա քաղաքական հակասությունների հետ, պնդում է նա։
Ինչու՞ նախկին նախաձեռնությունները հաջողության չեն հասել
Երնկանյանը հիշեցրեց, որ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նոր չէ։ Այն տարբեր տարիներին բազմիցս հայտնվել է քաղաքական օրակարգում, սակայն վերջնական արդյունքի չի հասել։
«2011 թվականի հունիսին Քնեսեթի պատգամավոր Արի Էլդադը ներկայացրեց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ։ Թեև խորհրդարանում տեղի ունեցան քննարկումներ, և պատգամավորների զգալի մասը դրական էր վերաբերվում նախաձեռնությանը, այն այդպես էլ չհասավ լիագումար նիստի քվեարկությանը։ 2018 թվականի փետրվարի 14-ին հարցը կրկին ներկայացվեց խորհրդարան, սակայն այս անգամ ևս անհրաժեշտ աջակցություն չստացավ։ Կողմ քվեարկեց 28 պատգամավոր, դեմ՝ 41-ը։ Դրանից հետո Քնեսեթի այն ժամանակվա նախագահ Յուլի Էդելշտեյնը նույնպես նախաձեռնել էր համանման նախագիծ, սակայն անձամբ հանեց այն օրակարգից՝ հայտարարելով, որ իշխող կոալիցիայում բավարար ձայներ չկան դրա ընդունման համար», — ներկայացրեց նա։
Մեկ այլ ուշագրավ դրվագ արձանագրվեց անցյալ տարվա օգոստոսին, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկացի հայտնի փոդքասթեր Պատրիկ Բեթ-Դեյվիդին տված հարցազրույցում հայտարարեց. «Ես հենց հիմա ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը», հիշեցրեց նա։ Սակայն այդ հայտարարությունը մնաց բացառապես քաղաքական հայտարարության մակարդակում և որևէ իրավական կամ քաղաքական շարունակություն չունեցավ, հավելեց Երնկանյանը։
Հայաստանի դիրքորոշումը
Նա հիշեցրեց, որ վերջին երեք տարիներին Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայում արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի պայմաններում Երևանը փորձում է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են օգտագործվել գործընթացը խոչընդոտելու նպատակով, ասաց նա։
Հատկանշական է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը Նեթանյահուի անցյալ տարվա հայտարարությանը։ Փաշինյանն այն ժամանակ նշել էր. «Բենիամին Նեթանյահուի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որևէ կապ չունի հայ ժողովրդի շահերի հետ։ Մենք պետք է հասկանանք, թե արդյոք ցանկանում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը դառնա ուրիշների համար աշխարհաքաղաքական առևտրում մանրադրամ», հիշեցրեց քաղաքական մեկնաբանը։
Արդյո՞ք այս անգամ ամեն ինչ այլ կլինի
Թեև հնարավոր է տարբեր կերպ գնահատել Հայաստանի իշխանությունների մոտեցումը, ակնհայտ է, որ ներկայիս նախաձեռնությունն առաջ է քաշվել Իսրայել-Թուրքիա հարաբերությունների հերթական ճգնաժամի պայմաններում։
Դրա պատճառով հարց է առաջանում՝ արդյոք խոսքը պատմական արդարության վերականգնման անկեղծ փորձի մասին է, թե հերթական անգամ Հայոց ցեղասպանության թեման օգտագործվում է որպես քաղաքական և դիվանագիտական ճնշման գործիք։
«Կարծում եմ՝ ակնհայտ է, որ կոնկրետ այս դեպքում Իսրայելի իշխանություններն իսկապես փորձում են Հայոց ցեղասպանության թեման օգտագործել որպես մանրադրամ։ Եթե նրանց ձգտումն անկեղծ լիներ, ապա Հայոց ցեղասպանությունը կճանաչեին 5, 10, 15 կամ 20 տարի առաջ», — եզրափակեց նա։

