Թուրքիան փորձելու է դուրս մղել Իսրայելին Ադրբեջանից

 Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է դիտարկել Իսրայելի և Թուրքիայի միջև կտրուկ սրված հարաբերությունների համատեքստում, բայց ոչ միայն։ Նման կարծիքի է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Հակասության մի քանի ուղղություն կա 

Փորձագետի խոսքով՝  այժմ Իսրայելի և Թուրքիայի միջև հակասությունները արտահայտվում են մի քանի ուղղություններով միառժամանակ։ 

Առաջին խոշոր հակասությունը, ըստ նրա, վերաբերում է Սիրիային։ Նահապետյանի գնահատմամբ՝ Իսրայելը շահագրգռված է թույլ Սիրիայի գոյությամբ, որտեղ կարողանա առավել մեծ ազդեցություն պահպանել, մինչդեռ Թուրքիան ձգտում է ունենալ իր վերահսկողության ներքո գտնվող ուժեղ վարչակազմ և կայուն Սիրիա։ Նա նաև նշում է, որ Իսրայելը աջակցում է Սիրիայի դրուզներին և քրդերին, մինչդեռ Անկարան այդ նույն գործընթացները դիտարկում է որպես սեփական անվտանգության մարտահրավեր։ Մեկ այլ հակասության կետ, ըստ ռազմական փորձագետի, հենց Թուրքիայում քրդական գործոնի ուժեղացման Իսրայելի քայլերն են։ 

«Իսրայելն ամեն ինչ անում է, որպեսզի քրդական գործոնը լինի ուժեղ և իր ազդեցության ներքո, մինչդեռ Թուրքիայի համար դա ազգային անվտանգության առանցքային հարցերից է»,– ասում է նա։ Նահապետյանը հակասությունների շարքում առանձնացնում է նաև Գազայի հատվածը՝ նշելով, որ Թուրքիան վերջին շրջանում ակտիվացրել է իր գործունեությունը պաղեստինյան ուղղությամբ, ինչը ևս խորացնում է տարաձայնությունները Թել Ավիվի հետ։

Ճանաչման թաքնված շերտը․ Հայաստանը՝ ուշադրության կենտրոնում

Նահապետյանի գնահատմամբ՝ եթե Իսրայելի կառավարության որոշումն առաջիկայում հաստատվի նաև Քնեսեթի կողմից, ապա դա կարող է նշանակել, որ Իսրայել-Թուրքիա հակասությունները մտնում են որակապես նոր փուլ։ «Եթե Քնեսեթը ևս ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա դա արդեն կլինի ոչ միայն քաղաքական հայտարարություն, այլ Թուրքիայի նկատմամբ ճնշման ավելի լուրջ քայլ»,– նշում է նա։

Ռազմական փորձագետի կարծիքով՝ նման զարգացումները կազդեն նաև Ադրբեջանի վրա, որտեղ Իսրայելն ունի զգալի ռազմական և հետախուզական ներկայություն։ «Եթե Իսրայել-Թուրքիա հակասությունները շարունակեն խորանալ, ապա չեմ բացառում, որ Թուրքիան փորձի աստիճանաբար դուրս մղել Իսրայելին Ադրբեջանից։ Այդ դեպքում Իսրայելի տեղը կարող է զբաղեցնել Պակիստանը, որը Թուրքիայի հետ սերտ ռազմաքաղաքական համագործակցություն ունի»,– ասում է Նահապետյանը։

Նրա խոսքով՝ ներկայումս Ադրբեջանում ազդեցության տարբեր ոլորտներ բաշխված են տարբեր գործընկերների միջև։ «Ադրբեջանի գլխավոր շտաբի գործունեության վրա մեծ ազդեցություն ունի Թուրքիայի երրորդ դաշտային բանակը, մինչդեռ հետախուզության, անօդաչու թռչող սարքերի արտադրության և ռազմարդյունաբերական համալիրի մի շարք ուղղություններում կարևոր դեր ունի Իսրայելը։ Տնտեսական և էներգետիկ ոլորտներում էլ զգալի ազդեցություն ունի Մեծ Բրիտանիան»,– նշում է նա։

Փորձագետի գնահատմամբ՝ եթե Իսրայելի ներկայությունը Ադրբեջանում սահմանափակվի, ապա Թել Ավիվը ստիպված կլինի տարածաշրջանում նոր հենակետեր փնտրել՝ իր հետախուզական և ռազմավարական հնարավորությունները պահպանելու համար։

«Եթե Իսրայելը դուրս մղվի Ադրբեջանից, առաջ կգա հարցը, թե որտեղ են տեղափոխվելու նրա հետախուզական հնարավորություններն ու ենթակառուցվածքները։ Այդ համատեքստում Հայաստանը ևս կարող է հայտնվել Իսրայելի ուշադրության կենտրոնում»,– նշեց Նահապետյանը։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top