Արտահանում դեպի Եվրոպա. Միայն մաքսատուրքերի վերացումը բավարար չէ 

Անցած շաբաթը բավականին հագեցած էր ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական զարգացումներով։ Դրանցից ամենաքննարկված իրադարձություններից մեկը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցն էր Հայաստան, որը տեղի ունեցավ Ռուսաստանի կողմից հայկական տնտեսության նկատմամբ կիրառվող սահմանափակումների ֆոնին։

Այդ համատեքստում առանձնահատուկ ուշադրության արժանացան նրա հայտարարությունները, մասնավորապես այն, որ հայկական ապրանքների շուրջ 80 տոկոսը Եվրամիության շուկա կարտահանվի առանց մաքսատուրքի։ Կարո՞ղ է արդյոք այս քայլը դառնալ Հայաստանի արտահանման խնդիրների իրական լուծում, թե՞ առաջին հայացքից գրավիչ այս առաջարկն ունի նաև լուրջ սահմանափակումներ և ռիսկեր։ 

Բրյուսելի աննախադեպ արագությունը և ԵԱՏՄ գործոնը

Ըստ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող առևտրային պատժամիջոցների ֆոնին Բրյուսելում բավականին լուրջ մոբիլիզացիա է նկատվում։ Ակտիվ աշխատանք է տարվում ինչպես առկա խնդիրները հասցեագրելու, այնպես էլ հնարավոր նոր պատժամիջոցներին արձագանքելու ուղղությամբ։ Բանախոսի փոխանցմամբ՝ այս փուլում գլխավոր հարցը առևտրի կարգավորումն է, և Եվրամիությունն այս համատեքստում կիրառում է հատուկ գործիք, որը կոչվում է «առևտրային ինքնավար միջոցներ» (Autonomous Trade Measures

Տիգրան Գրիգորյանը նշում է, որ այս մեխանիզմը նորություն չէ ԵՄ-ի համար. այն 2000-ական թվականներից սկսած կիրառվել է Բալկանյան երկրների նկատմամբ, երբ վերջիններս պատրաստակամություն հայտնեցին միանալ Եվրամիությանը, իսկ վերջին շրջանում գործարկվեց նաև Ուկրաինայի և Մոլդովայի պարագայում։

Սակայն, ըստ քաղաքագետի, Հայաստանի դեպքն ունի իր առանձնահատկությունն ու բարդությունը. «Հայաստանի տարբերությունն այն է, որ երկիրը դեռևս գտնվում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մեջ և ֆորմալ առումով Եվրոպական միության անդամակցության գործընթաց չի սկսել»։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ԵՄ-ի կողմից նման որոշման կայացումը շատ ավելի բարդ էր։ Քաղաքագետի գնահատմամբ՝ պետք է արժանին մատուցել գործընթացի արագությանը, քանի որ Եվրամիությունը սովորաբար ավելի դանդաղ և բյուրոկրատական կառույց է, որտեղ քաղաքական ցանկության բացակայության դեպքում հաճախ հենց բյուրոկրատիայի ու անդամ պետությունների հավանության անհրաժեշտության պատճառաբանությունն է առաջ քաշվում։ Ի դեպ, Գրիգորյանը հիշեցնում է, որ այս որոշմանը դեռ պետք է հավանություն տրվի Եվրոպական խորհրդում, որտեղ ներկայացված են ԵՄ անդամ պետությունները։

Ճանաչելիության պակաս և լոգիստիկ պատնեշներ

Չնայած սա բավականին լուրջ միջոց է, որը կարող է հնարավորություններ ստեղծել հայկական արտադրողի համար՝ մուտք գործելու եվրոպական շուկա, Տիգրան Գրիգորյանը շեշտում է, որ սա միայն առաջին քայլն է։ Ակնհայտ է, որ հայկական բիզնեսը և արտադրանքը դեռևս որևէ ճանաչելիություն չունեն ԵՄ անդամ երկրների շուկաներում, և այդ ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանք տանել։

Բրյուսելյան քննարկումների արդյունքներով քաղաքագետը հայտնում է, որ Եվրամիությունը ցանկանում է աջակցել Հայաստանին նաև այս հարցում՝ ներգրավվելով տարբեր տնտեսական դերակատարներին միմյանց ներկայացնելու գործընթացում։

Այդուհանդերձ, զուտ աշխարհագրական և լոգիստիկ պայմաններով պայմանավորված, խնդիրները դեռևս պահպանվելու են. «Առկա իրավիճակում, երբ դեռևս հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ տեսանելի քայլեր չեն երևում, բավականին դժվար է հասանելիություն ունենալ եվրոպական շուկա»,- արձանագրում է Գրիգորյանը։

Պետության անելիքներն ու կառավարության ճկունության խնդիրը

Ստեղծված իրավիճակում քաղաքագետը կարևորում է պետության դերակատարությունը։ Նոր շուկաներ գտնելու նպատակով արդեն իսկ կան խոսակցություններ համապատասխան գործակալության ստեղծման մասին, որը կաջակցի հայկական բիզնեսին արտահանման հարցում։ Բացի այդ, պետությունը, և հնարավոր է նաև Եվրամիությունը, անելիքներ ունեն լոգիստիկ ծախսերի փոխհատուցման մեխանիզմների մշակման գործում։

Անդրադառնալով Բրյուսել կատարած այցի ընթացքում վերհանված խնդիրներին՝ Տիգրան Գրիգորյանը նշում է, որ եվրոպական կողմում կային որոշակի դժգոհություններ Հայաստանի կառավարությունից։ Պատճառն այն է, որ նմանատիպ ճգնաժամային իրավիճակներում Հայաստանի հիմնական խնդրանքը սահմանափակվում է միայն դրամական կամ գրանտային օգնությամբ։

Ըստ քաղաքագետի՝ կառավարությունը պետք է ավելի ճկուն գտնվի և Եվրամիությանն առաջարկի ավելի հետաքրքիր ու բովանդակային մեխանիզմներ։ Որպես հաջողված օրինակ՝ Գրիգորյանը ենթադրում է, որ «առևտրային ինքնավար միջոցների» հենց այս գործող մեխանիզմը նույնպես առաջարկվել է հենց հայկական կողմից։


👉 https://vectors.am/category/tntesutyun/

Scroll to Top