Հայաստանի ներքաղաքական զարգացումներից հետո Ռուսաստանը աստիճանաբար հարմարվում է ստեղծված նոր իրողություններին և իր քաղաքականությունը կառուցելու է արդեն հետընտրական ստատուս քվոյի հիման վրա։ Այս կարծիքն է հայտնել տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Մոսկվայի հնարավոր քայլերին Հայաստանի ուղղությամբ։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի վերջին ամիսների հաշվարկները մեծապես պայմանավորված էին Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր զարգացումներով։ Մոսկվան, ըստ փորձագետի, հավանաբար ակնկալում էր, որ երկրում կսկսվեն ավելի ակտիվ բողոքի գործողություններ կամ ընդդիմադիր ուժերը կընտրեն իշխանությունների նկատմամբ պայքարի այլ մարտավարություն։
«Կարծում եմ՝ Ռուսաստանի հաշվարկները հիմնականում պայմանավորված էին հետընտրական զարգացումներով։ Գուցե նրանք կանխատեսում էին Հայաստանում բողոքի գործողություններ կամ ընդդիմադիր ուժերի կողմից այլ մարտավարության կիրառում։ Հենց այդ պատճառով էլ փորձում էին իրենց քայլերով օրակարգ ձևավորել հայաստանյան ընդդիմության համար»,– նշել է Պետրոսյանը։
Սահմանադրական դատարանի որոշումից հետո իրավիճակը փոխվեց
Փորձագետի խոսքով՝ իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը կայացրեց իր որոշումը, և ներքաղաքական գործընթացները մտան ավելի կանխատեսելի փուլ։
Նրա խոսքով՝ այս պահին այլևս չի նկատվում ընդդիմության պատրաստակամությունը շարունակելու այնպիսի գործողություններ, որոնք կարող էին հանգեցնել ներքաղաքական նոր ճգնաժամի։
«Երբ իրավիճակը, կարծես թե, հանգուցալուծվեց Սահմանադրական դատարանի որոշումից հետո, և այլ մակարդակում մենք չենք տեսնում ընդդիմության տրամադրվածությունը շարունակելու իր գործողությունները, Ռուսաստանն էլ սկսում է վերանայել իր քաղաքականությունը»,– ասել է նա։
Մոսկվան չի հրաժարվում ազդեցության փորձերից
Միևնույն ժամանակ Պետրոսյանը համոզված է, որ ստեղծված իրավիճակը չի նշանակում, թե Ռուսաստանը հրաժարվելու է Հայաստանի ներքին գործընթացների վրա ազդեցություն գործադրելու քաղաքականությունից։
Նրա խոսքով՝ Մոսկվան պարզապես փոխում է իր մարտավարությունը՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, այնպես էլ սեփական արտաքին առաջնահերթությունները։
Պետրոսյանի կարծիքով՝ ներկայում Ռուսաստանն ունի ավելի հրատապ խնդիրներ, որոնց պատճառով Հարավային Կովկասը երկրորդ պլան է մղվել։
Նրա խոսքով՝ Մոսկվայի հիմնական ուշադրությունն այժմ կենտրոնացած է ուկրաինական պատերազմի վրա, իսկ Հայաստանում ստեղծված իրավիճակն այլևս այնքան բարենպաստ չէ, որպեսզի Ռուսաստանը շարունակի գործել նախկին մեթոդներով։
Ռուսաստանը կփորձի վերագործարկել հարաբերությունները Երևանի հետ
Փորձագետը չի բացառում, որ առաջիկայում Ռուսաստանը փուլ առ փուլ կանցնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Նրա գնահատմամբ՝ վերջին շրջանում հնչող ավելի զուսպ և էմոցիոնալ հայտարարությունները կարելի է դիտարկել որպես այդ քաղաքականության նախանշան։
«Կարծում եմ՝ կամաց-կամաց Ռուսաստանը կհաշտվի ստեղծված իրավիճակի հետ և փուլ առ փուլ կփորձի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Վերջին հայտարարություններն արդեն կարելի է դիտարկել որպես այդ քաղաքական գծի նախերգանք»,– ասել է նա։
Փորձագետի գնահատմամբ՝ քանի դեռ Հայաստանում ներքաղաքական սրացման օրակարգ չկա, ապա Ռուսաստանը ևս շահագրգռված չէ տարածաշրջանում լրացուցիչ լարվածություն ստեղծելու մեջ։
Նա հիշեցրել է, որ Մոսկվան արդեն սկսել է հարաբերությունների կարգավորման գործընթացը Ադրբեջանի հետ, իսկ հաջորդ փուլում, ըստ նրա, նույն տրամաբանությամբ կփորձի վերագործարկել նաև հարաբերությունները Հայաստանի հետ։
«Եթե նման օրակարգ չկա, Ռուսաստանը չի կարող իրեն համար ավելորդ լարվածություն ստեղծել՝ ուկրաինական ուղղությունից լրացուցիչ ռեսուրսներ տեղափոխելով Հարավային Կովկաս։ Նրանք բավական արագ անցան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, և կարծում եմ՝ փուլ առ փուլ կվերագործարկեն նաև Հայաստանի հետ հարաբերությունները՝ առնվազն այն մակարդակով, ինչպիսին դրանք եղել էին մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները»,– համոզված է Պետրոսյանը։
Առաջիկայում լայնածավալ ներքաղաքական զարգացումներ չեն սպասվում
Անդրադառնալով հնարավոր հետընտրական գործընթացներին՝ Արմեն Պետրոսյանը նշել է, որ առնվազն մոտակա մեկ-մեկուկես տարվա ընթացքում լուրջ ներքաղաքական ցնցումների նախադրյալներ չի տեսնում։
Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերի ծրագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս պահին փողոցային պայքարի կամ զանգվածային հանրահավաքների կազմակերպման համար անհրաժեշտ քաղաքական և հասարակական էներգիան բացակայում է։
«Առնվազն այս պահի դրությամբ ընդդիմադիր ուժերի ծրագրերը հաշվի առնելով՝ նման օրակարգ գոյություն չունի։ Այդ ամենը մշտադիտարկվում է նաև արտաքին դերակատարների կողմից, որոնք իրենց հետագա քայլերը պլանավորում են հենց այդ գնահատականների հիման վրա»,– նշել է նա։

