Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հնարավոր հանդիպումը Վաշինգտոնում ավելի շատ Դոնալդ Թրամփի համար ուղղված փիառ-ակցիա է, քան խաղաղության հաստատման իրական քայլ։ Նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։
Նա հիշեցրեց է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփն իրեն ներկայացնում էր որպես պետական գործիչ, ով ի վիճակի է խաղաղություն բերել։ Գլխավոր շեշտը, իհարկե, դրվել էր ուկրաինական ճգնաժամի վրա, սակայն էական առաջընթաց արձանագրել չհաջողվեց։ Մինչդեռ խաղաղության հաստատման հարցում տեսանելի արդյունքների հասնելը չափազանց կարևոր է ներկայիս վարչակազմի համար՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Թրամփն, ըստ փորձագետի, հավակնում է Նոբելյան խաղաղության մրցանակի։
Այս պայմաններում Թրամփին անհրաժեշտ է մեծ իրադարձություն, որը կուղեկցվի «խաղաղության» բառով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպումը ՝ լավ հնարավորություն է։ Ներկա վարչակազմը՝ անձամբ Թրամփի գլխավորությամբ, ակտիվորեն աշխատում է մեդիա դաշտում՝ ձգտելով հնարավորինս շատ դրական ազդակներ հաղորդել։ Բավական է հիշել Թրամփի վերջերս արված հայտարարությունը, թե ԱՄՆ-ն «հրաշք է գործել» Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, և կողմերը «շատ մոտ են խաղաղության համաձայնագրին»։
Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ այս փուլում ԱՄՆ-ի համար առաջնային չէ, կոնկրետ պայմանավորվածությունները Երևանի և Բաքվի միջև։ Ավելի էական է, որ տեղեկատվական հոսքում հնչի «խաղաղություն» բառը։ Պարզ ասած՝ եթե Վաշինգտոնում տեղի ունենա հանդիպում, որի ժամանակ կողմերը պարզապես կհայտարարեն, թե մտադիր են մոտ ապագայում ստորագրել խաղաղության պայմանագիր (ինչը նախկինում բազմիցս հայտարարվել է), դա արդեն իսկ հզոր PR-դրվագ է Թրամփի։
Միևնույն ժամանակ, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվի խաղաղության պայմանագիր առանց միջազգային երաշխիքների, այն կարող է մնալ թղթի վրա՝ ունենալով բացասական հետևանքներ բացառապես Հայաստանի համար։ Անշուշտ, ԱՄՆ-ն կարող է հանդես գալ որպես գործուն երաշխավոր և իրական ներդրում ունենալ կարգավորման հարցում։ Սակայն, ինչպես ընդգծում է փորձագետը, սա ուղղակիորեն կախված է նրանից, թե որքան ակտիվ կհակազդեն դրան այլ աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնք նույնպես ունեն ազդեցության տարածաշրջանում կամ ձգտում են վերականգնել այդ ազդեցությունը։

