Ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին խոսելիս հիմնական շեշտը դրվում է տնտեսական և հաղորդակցային կապերի վերականգնման վրա, մինչդեռ առանցքային մարդասիրական խնդիրները դուրս են մղվում օրակարգից։ Ցավալին այն է, որ նման մոտոցում ունի ոչ միայն Բաքուն, այլ նաև միջազգային դերակատարները և անգամ ՀՀ իշխանությունները։ Նման կարծիքի է իրավապաշտպան Աննա Մելիքյանը։
Պետության առաջնահերթ պարտականությունն անտեսվում է
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Բաքվում պահվող հայ գերիների, ինչպես նաև անհայտ կորած անձանց ճակատագրի պարզման անհրաժեշտությանը։ Մելիքյանի գնահատմամբ՝ հատկապես ընտրական գործընթացների և քարոզարշավների ընթացքում այս հարցերը ոչ միայն երկրորդական, այլ գրեթե վերջին պլան են մղվում՝ փոխարենը հանրային դիսկուրսում գերակշռում են տնտեսական համագործակցության հնարավորությունների վերաբերյալ դրական շեշտադրումները։
Նա ընդգծում է, որ նման մոտեցումը խորապես մտահոգիչ է, քանի որ ցանկացած պետության առաջնահերթ պարտականությունն է ապահովել իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։ «Մենք բոլորս պետք է վստահ լինենք, որ մեր պետությունը մշտապես կանգնած է մեր իրավունքների պաշտպանության դիրքերում՝ անկախ արտաքին կամ միջազգային շահերից»,— նշում է իրավապաշտպանը։
Ադրբեջանի օմբուդսմենի ինստիտուտը՝ ձևական մարմին
Անդրադառնալով վերջին միջադեպին, երբ Ռուբեն Վարդանյանի հեռախոսազանգն կեսից ընդհատվեց, երբ նա փորձեց դիմել Ադրբեջանի օմբուդսմենին, Մելիքյանը նշեց, որ Ադրբեջանում այդ ինստիտուտը երկար տարիներ ունի ոչ արդյունավետ և կախյալ մարմնի համբավ՝ չկարողանալով իրականում պաշտպանել մարդու իրավունքները։ Ըստ նրա՝ օմբուդսմենի ինստիտուտը չի գործում որպես անկախ կառույց և որևէ նշանակալի քայլ չի կարող իրականացնել առանց գործադիր իշխանության կամ նախագահի աշխատակազմի թույլտվության։
Մելիքյանը հիշեցնում է, որ այս գնահատականը վերաբերում է ոչ միայն հայերի իրավունքների պաշտպանությանը, այլ ընդհանրապես մարդու իրավունքների վիճակին Ադրբեջանում։ Նրա խոսքով՝ ինստիտուտի միջազգային «B» կարգավիճակը ևս վկայում է դրա սահմանափակ անկախության և անարդյունավետության մասին։
Նա հավելում է, որ նույնիսկ եթե ձևական մակարդակով ապահովվեր կապի կամ հաղորդակցության հնարավորություն, դա, ամենայն հավանականությամբ, չէր հանգեցնի իրական փոփոխությունների։ Սակայն, ըստ իրավապաշտպանի, խնդիրը նույնիսկ դրանից խորն է․ անգամ նման ձևական մեխանիզմները չեն գործարկվում, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում իրավունքների թեմայից խուսափելու ԲԱքվի քաղաքականությունը։
Դատավճռի հասանելիությունը՝ արդար դատաքննության հիմնարար տարր
Անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների գործերին՝ Մելիքյանը կարևորում է այն հանգամանքը, որ, ըստ որոշ տվյալների, նրանք չեն ստացել իրենց նկատմամբ կայացված դատավճիռների տեքստերը։
Նրա խոսքով՝ սա լուրջ խախտում է արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից։ Դատավճռի հասանելիությունը հանդիսանում է հիմնարար երաշխիք, որը հնարավորություն է տալիս անձին հասկանալ՝ ինչ հիմքերով է դատապարտվել, գնահատել ներկայացված ապացույցները և, անհրաժեշտության դեպքում, օգտվել բողոքարկման իրավունքից։
«Եթե անձը չի ստացել դատավճիռը, նա փաստացի զրկվում է բողոքարկման հնարավորությունից, իսկ դա արդար դատավարության առանցքային բաղադրիչներից մեկն է»,— նշում է Մելիքյանը։
Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի դատական համակարգի անկախության և արդյունավետության խնդիրները, անգամ ձևական ընթացակարգերի պահպանումը չի ապահովվում, նշեց իրավապաշտպանը։
Միջազգային լռություն և Ադրբեջանի դիրքերի ամրապնդում
Մելիքյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները, հատկապես երկրի նախագահի մակարդակով, վերջին շրջանում զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերը միջազգային հարթակներում։
Այս ֆոնի վրա, ըստ նրա, գնալով նվազում է այն երկրների և կազմակերպությունների թիվը, որոնք բարձրաձայնում են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին։ Նա հիշեցնում է, որ վերջին ելույթներից մեկում Ադրբեջանի նախագահը բացահայտ արհամարհանք է ցուցաբերել միջազգային իրավունքի նկատմամբ՝ փաստացի արդարացնելով իրականացված գործողությունները։
Մելիքյանի խոսքով՝ նման հայտարարությունները և քաղաքական վարքագիծը ուղերձ են նաև Բաքվում պահվող հայերի նկատմամբ՝ ցույց տալու, որ նրանք գտնվում են լիակատար իրավազրկված վիճակում և չունեն արդյունավետ պաշտպանության միջոցներ երկրի ներսում։
Նա ընդգծում է, որ Ադրբեջանի միջազգային դիրքերի ամրապնդումը հնարավորություն է տալիս ավելի ազատ անտեսել միջազգային պարտավորությունները և միաժամանակ ցուցադրել, թե իրականում «ով է որոշում կայացնողը», և ինչպիսի ազդեցություն իրականում ունեն միջազգային իրավական մեխանիզմները տվյալ իրավիճակում։

