Ռուսները կարող են չսիրել հայերին, բայց Հայաստանի չգոյությունը նրանց համար անընդունելի է

Առնվազն Թուրքիան ուրախ չի լինի տեսնելու ռուսական հյուպատոսություն Սյունիքում: Այս մասին նշում է քաղաքական վերլուծաբան Բենիամին Պողոսյանը։

Նրա խոսքով՝ ռուսական հյուպատոսության բացման թեման Սյունիքում ակտիվ քննարկվում է արդեն առնվազն երկու տարի։ Դիվանագետների առկայությունը Սյունիքում վաղուց փաստ է․ նրանք մասնակցում են տարբեր նախաձեռնությունների՝ հանդիպումներ, ռուսերենի լսարանների բացում, մրցույթների կազմակերպում։ Այսինքն՝ դե ֆակտո հյուպատոսական ներկայություն կա, բայց բացակայում է պաշտոնական հաստատման ընթացակարգը։
Պողոսյանի գնահատմամբ՝ որևէ լուրջ պատճառ չկա, թե ինչու չի կարող բացվել ռուսական լիարժեք հյուպատոսություն, հատկապես երբ Իրանը արդեն ունի լիարժեք հյուպատոսություն Կապանում, իսկ Ֆրանսիան՝ պատվավոր հյուպատոսություն Գորիսում։ Նրա կարծիքով՝ որոշ արտաքին դերակատարներ կարող են խոչընդոտել գործընթացը, և այդ ֆոնին նա առանձնացնում է Թուրքիային․ «Առնվազն Թուրքիան ուրախ չի լինի տեսնելու ռուսական հյուպատոսություն Սյունիքում»։

Նրա համոզմամբ՝ արևմտյան ճակատում ներկայումս Ռուսաստանի համար գլխավոր հակառակորդը Ֆրանսիան է, ոչ թե ԱՄՆ կամ Մեծ Բրիտանիան։ Այս իրավիճակը, ըստ վերլուծաբանի, Հայաստանի համար բարդ է, քանի որ պաշտոնական Երևանը միաժամանակ փորձում է չվատթարացնել հարաբերությունները Մոսկվայի հետ և շարունակել խորացնել կապերը Փարիզի հետ։

Բացի այդ, Պողոսյանը նշում է, որ Հայաստանի իշխանությունների մոտ կարծես թե հասունանում է հասկացողություն, որ Ռուսաստանին ամբողջությամբ անտեսելն այլևս ռացիոնալ չէ։ Նրա խոսքերով, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հույսերի նվազման ֆոնին՝ Հայաստանը փորձում է գոնե զերծ մնալ հարաբերությունների հետագա վատթարացումից։

Այդ համատեքստում ռուսական հյուպատոսության բացումը Սյունիքում կարող է դիտարկվել որպես ժեստ՝ ուղղված հարաբերությունների կայունացմանը։ Քաղաքագետը վստահ է՝ եթե այս հարցը իսկապես կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար, ապա առաջիկա ամիսներին հնարավոր է դրական զարգացում։ «Եթե Ռուսաստանի երեք հիմնական նպատակներից մեկն է Սյունիքում լիարժեք հյուպատոսություն ունենալը, և եթե Հայաստանի կառավարությունը փորձում է թույլ չտալ հարաբերությունների հետագա վատթարացում, ապա այս հարցում առաջիկայում մենք պետք է տեսնենք որոշակի առաջընթաց», — նշում է նա։

Վերլուծաբանն ընդգծում է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանն ու Թուրքիան կանգնած են ռազմավարական երկընտրանքի առաջ՝ կամ կոշտ հակադրություն, կամ շահերի համադրմամբ հարաբերությունների կառավարում։ Ներկայիս փուլում, ըստ նրա, Էրդողանը հակված է ընտրել երկրորդ տարբերակը՝ նվազեցնելով կոնֆլիկտները, բայց միաժամանակ չհրաժարվելով տարածաշրջանում ազդեցություն տարածելու նպատակից։

Ամփոփելով՝ Պողոսյանը նշում է, որ եթե Հայաստանը դառնա ոչ կենսունակ պետություն, ապա դա կարող է բացել դուռը Թուրքիայի համար՝ դառնալու Հարավային Կովկասի թիվ մեկ արտաքին խաղացողը, ինչը չի բխում Ռուսաստանի շահերից։ «Եթե անգամ ռուսները հայերին չեն սիրում, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանի կորուստը բխում է իրենց շահերից։ Հակառակը՝ Հայաստանի չգոյությունը նշանակում է Թուրքիայի ազդեցության լիակատար հաստատում, ինչը Մոսկվայի համար անկանխատեսելի հետևանքներով է լի»։

Scroll to Top