Սպիտակ տան խաղաղարարը. ինչպես են ԱՄՆ-ն Հարավային Կովկասում օրակարգ ձևավորում

Սպիտակ տան խաղաղարարը. ինչպես է ԱՄՆ-ն Հարավային Կովկասում օրակարգ ձևավորում

Արտաքին քաղաքական լարվածության և Հայաստանի վրա աճող ճնշումների ֆոնին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա եռակողմ հանդիպումը Վաշինգտոնում լայն արձագանք և տարբեր կարծիքների առարկա է դարձել։ Չնայած հայտարարված նպատակներին՝ խաղաղության և տարածաշրջանային կայունության խթանմանը, բազմաթիվ փորձագետներ այս հանդիպումը դիտարկում են որպես ԱՄՆ ազդեցության գործիք և փորձ՝ ամրապնդելու իր դիրքերը Հարավային Կովկասում:

Վաշինգտոնյան խաղաղարար շոու

VECTORS.am-ին տված հարցազրույցում լեհ քաղաքական վերլուծաբան և Myśl Polska պարբերականի մեկնաբան Մատեուշ Պիսկորսկին գնահատել է հանդիպման հեռանկարները՝ կասկածի տակ դնելով դրա արդյունավետությունը երկարաժամկետ խաղաղության հասնելու առումով։ Նա նաև նախազգուշացրել է Վաշինգտոնի հնարավոր թաքնված շահերի մասին՝ կապված Իրանի հետ առճակատման և Չինաստանի զսպման ամերիկյան ռազմավարության հետ։

Պիսկորսկու կարծիքով՝ օգոստոսի 7–8-ը Վաշինգտոնում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը հազիվ թե հանգեցնի երկարաժամկետ լուծման կամ որևէ համաձայնագրի ստորագրման Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Նա այն որակում է որպես փորձ՝ օգտվելու Ռուսաստանի ուշադրության ժամանակավոր շեղումից՝ ԱՄՆ-ի լիարժեք ներգրավվածությունը տարածաշրջանային գործընթացներում ապահովելու համար։

«Շատ հնարավոր է, որ Թրամփը չկարողանա հասնել իր նպատակներին և հանդիպումը չի բերի հայտարարված խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Առավելագույնը, ինչ հնարավոր է սպասել. կարճ հուշագիր՝ առանց որևէ հստակ ժամկետի Բաքվի և Երևանի միջև համաձայնության գալու վերաբերյալ», — նշում է վերլուծաբանը։

Ըստ վերլուծաբանի՝ ԱՄՆ վարչակազմի և Դոնալդ Թրամփի ռազմավարական շահերն են՝ աշխարհում ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդումը։ Իսկ Թրամփը, անձամբ, ձգտում է հաստատել համաշխարհային մասշտաբով խաղաղարարի իր կերպարը։ Խաղաղարարի, որը ի վիճակի է կարգավորելու ցանկացած հակամարտություն աշխարհի ցանկացած կետում։ 

«Մենք դա վերջերս տեսանք Հնդկաստանի և Պակիստանի հակամարտության օրինակով։ Հնարավոր է, որ Թրամփը՝ հասկանալով, որ այլ ուղղություններով դիվանագիտական հաջողությունները դժվար հասանելի են ներկա իրավիճակում, փորձում է մասնակցել Հարավային Կովկասում խաղաղ կարգավորման գործընթացին և Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը», — ասել է նա։

Ոչ միայն թշնամական Արբեջան, այլ նաև չաջակցող Հայաստան 

Ամերիկյան ակտիվությունը վերլուծաբանը  դիտարկում  է նաև ԱՄՆ-Իրան և Իսրայել-Իրան հակամարտության համատեքստում։ 

«ԱՄՆ-ի վարչակազմին ձեռնտու կլիներ ապահովել, որ Իրանի հյուսիսում լիներ ոչ միայն Իսրայելի նկատմամբ բարեկամական վերաբերմունք ունեցող Ադրբեջան, որը մասնակցում է տարբեր ծրագրերում, այդ թվում՝ Իրանի դեմ անօդաչու հարձակումներում, այլ նաև՝ որ Հայաստանը չդառնա Թեհրանի աջակցության համար ճանապարհ», — ասել է նա։

Այս համատեքստում խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հեռանկարների մասին, Պիսկորսկին նշում է, որ դրա օգտագործումը կարևոր է ԱՄՆ վարչակազմի տեսանկյունից, և ոչ միայն Իրանին սահմանափակելու նկատառումներից ելնելով։

Խոչընդոտել Չինաստանի ծրագրերին

«Չգիտեմ, թե որքանով է հնարավոր այդ միջանցքը իրավաբանորեն փոխանցել, օրինակ, որևէ ամերիկյան ընկերության կառավարմանը… Բայց գիտեմ, որ որոշ հայ քաղաքական գործիչների ու վերլուծաբանների կարծիքով դա կարող է դիտարկվել որպես անվտանգության երաշխիք՝ ԱՄՆ-ի կողմից։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն հետապնդում է իր սեփական աշխարհաքաղաքական շահերը», — նշում է նա։ 

Նա վստահ է, որ Միացյալ Նահանգների հիմնական քաղաքական խնդիրներից մեկը առնվազն Չինաստանի ծրագրերը խափանելն է։

«ԱՄՆ-ի հիմնական քաղաքական նպատակներից մեկը, առնվազն, Չինաստանի ծրագրերին խոչընդոտելն է։ Ինչպես հասկանում ենք, Զանգեզուրի միջանցքը կարող է դառնալ Չինաստանի «Նոր Մետաքսի ճանապարհի» մի փոքր, բայց կարևոր հատված։ Ուստի՝ հենց այս ճյուղը կանխելու և վերահսկելու համար, ԱՄՆ-ն կարող է առնվազն հայտարարել իր ներդրումային պատրաստակամության մասին», — նշում է նա։ 

Ամերիկյան մասնակցությունը՝ ժամանակավոր կայունացնող գործոն

«Թեև դեռևս անորոշ է, արդյոք այդ անվտանգության երաշխիքները կդառնան իրական երաշխիքներ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր տարաձայնությունների կամ հակամարտության դեպքում։ Ժամանակավորապես, այո, դա կարող է դիտվել որպես կայունացնող գործոն՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում», — եզրափակում է փորձագետը։

Զրույցը վարեց Մարինա Բրուտյանը

Scroll to Top