Վաշինգտոնի գագաթնաժողով. Երկխոսություն արտաքին խաղացողների ճնշման տակ

Վաշինգտոնի գագաթնաժողով. Երկխոսություն արտաքին խաղացողների ճնշման տակ

Պաշտոնական Երևանը հաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հանդիպման փաստը։

ՀՀ կառավարությունը օգոստոսի 6-ին հայտարարեց, որ «օգոստոսի 7-8-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ Վաշինգտոնում երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև կմասնակցի ԱՄՆ նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ եռակողմ հանդիպմանը, որը նպատակ ունի խթանել տարածաշրջանում խաղաղությունը, բարգավաճումը և տնտեսական համագործակցությունը»։

Վերլուծաբանների կարծիքով, հնարավոր է, որ եռակողմ հանդիպման ժամանակ փաստաթուղթ ստորագրվի, բայց այն քիչ հավանական է, որ լինի վերջնական «խաղաղության փաստաթուղթը»։

«Խաղաղության գործընթացը շարունակելու մտադրության մասին փաստաթուղթը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված քայլ․․․»

VECTORS.am-ի հետ հարցազրույցում ամերիկացի պատմաբան և քաղաքագետ, Վարշավայի համալսարանի Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսոր Ջոն Սթենլի Միցգելը բացատրել է, որ եթե Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ ստորագրվի խաղաղության գործընթացը շարունակելու մտադրության մասին փաստաթուղթ, դա պետք է դիտարկել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված քայլ։

«Եղած տեղեկատվությունից ելնելով՝ շրջանակային փաստաթուղթն արդեն համաձայնեցված է, անհրաժեշտ է միայն երկու երկրների քաղաքական կամքը և Միացյալ Նահանգների մի փոքր աջակցությունը՝ գնդակը դարպասը մղելու համար։ Բնականաբար, յուրաքանչյուր նման քայլ հեռացնում է այդ երկրներին Ռուսաստանի ուղեծրից, հեռացնում է նրանց Իրանի ազդեցությունից և ներգրավում է այդ երկրներին տարածաշրջանային տրանսպորտային համակարգում՝ ամրապնդելով նրանց տնտեսությունները», — ասել է նա։


«Հեշտ միջոց ԱՄՆ-ի համար մուտք գործելու մի տարածաշրջան․․․»

Պրոֆեսորը կարծում է, որ սա Միացյալ Նահանգների համար հեշտ միջոց կլինի մուտք գործելու մի տարածաշրջան, որը տարիներ շարունակ աննշան դեր է խաղացել Միացյալ Նահանգների աշխարհառազմավարության մեջ։


«Նախագահ Թրամփի համար երկու հակառակորդների միջև հաշտեցման քայլը ինքնին հաջողություն կլիներ և, հնարավոր է, ոչ միայն կստեղծեր Իրանի և Ռուսաստանի միջև դարպասի նման մի բան, այլև կդառնար ամերիկյան բիզնեսի համար ցատկահարթակ», — ասաց Ջոն Միցգելը՝ հավելելով, որ «նախագահ Թրամփի համար Փաշինյանի և Ալիևի միջև հանդիպման ցանկացած արդյունք ինքնին առավելություն կլինի, և եթե պարոնայք Փաշինյանն ու Ալիևը կարողանան գործել սթափ, նրանց երկրները նույնպես կշահեն։ Բացի այդ, Թեհրանի և Մոսկվայի միջև առանցքը կտուժի, և Ուկրաինան կշահի դրանից»։

«Գործ ունենք պետական համակարգի հետ, որի հիմնական որոշումները չեն կայացվում են Երևանում․․․»

Միջազգայնագետ Արմեն Մանվելյանի գնահատմամբ՝ այն փաստը, որ մինչև վերջին պահը Հայաստանում պաշտոնապես չէր հաստատվում Վաշինգտոնում սպասվող հանդիպման մասին տեղեկատվությունը, շատ բան է ասում երկրի ինքնիշխանության մակարդակի մասին։ 

«Մինչև վերջին պահը ոչ մի պետական կառույց չհաստատեց հանդիպման փաստը։ Սա խիստ մտահոգիչ ազդակ է, որը ցույց է տալիս, որ գործ ունենք պետական համակարգի հետ, որի հիմնական որոշումները չեն կայացվում են Երևանում։ Սա հստակ ցուցիչ է՝ մեր ինքնիշխանության մակարդակի և Հայաստանի միջազգային հեղինակության կամ ավելի շուտ՝ դրա բացակայության մասին», — նշել է նա։

«Վաշինգտոնում  խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․․․»

Մանվելյանի կանխատեսմամբ՝ Վաշինգտոնում  խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ 

«Առավելագույնը, ինչ կարելի է սպասել, դա ցանկությունների, կամ գուցե ապագա նախաձեռնությունների մասին հայտարարության ստորագրումն է։ Այդ քայլը, անկասկած, կնպաստի Դոնալդ Թրամփի վարկանիշի բարձրացմանը, հնարավոր է՝ նաև Իլհամ Ալիևի։ Բայց ակնհայտ է, որ այդ գործընթացը Հայաստանի օգուտ չի բերելու», — շեշտել է նա։

Նա նաև վստահություն է հայտնել, որ անկախ նրանից, թե ինչ փաստաթուղթ կստորագրվի Վաշինգտոնում, Հայաստանի գործող վարչապետը դա կներկայացնի որպես լուրջ դիվանագիտական հաղթանակ։

Ավելացնենք, որ հնարավոր Փաշինյան–Ալիև հանդիպումը Վաշինգտոնում ընթանում է արտաքին քաղաքական բարձր տուրբուլենտության պայմաններում. ԱՄՆ-ն ակտիվացրել է իր ջանքերը Հարավային Կովկասում՝ Ռուսաստանի՝ տարածաշրջանում ներկայությունը պահպանելու փորձերի ֆոնին։ Այս իրավիճակում Հայաստանը գնալով ավելի հաճախ հայտնվում է ոչ թե գործընթացների լիիրավ մասնակցի, այլ օբյեկտի դերում։ Որոշումների կայացման թափանցիկության բացակայությունը, քաղաքացիական հասարակության և ընդդիմության՝ խաղաղ նախաձեռնությունների քննարկման մեջ ներգրավվածության բացակայությունը միայն խորացնում են ներքին լարվածությունը։

Նյութը նախապատրաստել է Մարինա Բրուտյանը

Scroll to Top