Տարածաշրջանում սկսվում են արմատական փոփոխություններ․ Թուրքիան ևս զոհասեղանին է

Տարածաշրջանում սկսվում են արմատական փոփոխություններ․ Թուրքիան ևս զոհասեղանին է

Հարավային Կովկասում առաջիկա ամիսներին տեղի են ունենալու խորքային և արմատական փոփոխություններ, որոնք կարող են ամբողջությամբ փոխել տարածաշրջանի քաղաքական, անվտանգային և աշխարհաքաղաքական դիմագիծը։ Այս մասին ասել է քաղաքական վերլուծաբան Աբրահամ Գասպարյանը: 

Ըստ նրա՝ այս մեծ գործընթացներում Թուրքիան ևս հայտնվել է «զոհասեղանին», և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է ատամներով պահել երկրի դիրքերը։  Գասպարյանի խոսքով՝ տարածաշրջանի ապագան պայմանավորված է երեք առանցքային գործոններով, որոնք որոշելու են ոչ միայն տարածաշրջանի, այլ ավելի լայն աշխարհաքաղաքական տարածքի ճակատագիրը։

Երեք վճռորոշ գործոն

Առաջին գործոնը Սիրիայի ճակատագիրն է՝ արդյոք այդ երկիրը գնալու է ֆեդերալիզացիայի ճանապարհով, թե ոչ։ «Սիրիայում տեղի ունեցող զարգացումները կարող են շրջել ամբողջ տարածաշրջանի ընթացքը։ Եթե ներկայիս պլանները ձախողվեն, մենք կունենանք բոլորովին այլ անվտանգային իրականություն», – նշում է վերլուծաբանը։

Երկրորդ առանցքային գործոնը քրդական հարցն է և դրա ազդեցությունը Թուրքիայի և Սիրիայի վրա։ «Քրդական գործոնի լուծումը որոշելու է Թուրքիայի քաղաքական և աշխարհաքաղաքական վարքագիծը։ Անկարայի ներսում և սահմաններից դուրս զարգացումները կապված են հենց այս խնդրի հետ», – ընդգծում է Գասպարյանը։

Երրորդը՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ազդեցության գոտիների հնարավոր բաժանումն է Հարավային Կովկասում։ Գասպարյանը նշում է, որ Վաշինգտոնը չունի իրական շահագրգռվածություն այս տարածքում լայնածավալ ռազմական ներկայություն պահպանելու առումով, քանի որ ԱՄՆ-ը չի պատրաստվում ցամաքային գործողություններ իրականացնել Իրանի դեմ։ 

«Միացյալ Նահանգների հիմնական նպատակը Իրանի հանքահումքային պաշարներին տիրանալն է և Չինաստան ուղղվող նավթային հոսքերի վերահսկումը։ Այդ իսկ պատճառով Իրանի դեմ պատերազմը չի խրախուսվում», – ասում է նա։

Ըստ Գասպարյանի՝ հարցն այն է, թե արդյոք ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարողանալու են գալ այնպիսի կոնսենսուսի, որը թույլ կտա ամերիկյան շահերին չվտանգվել տարածաշրջանում, նույնիսկ եթե ԱՄՆ-ի ներկայությունն այստեղ նվազի։

Թուրքիան՝ գործընթացների կենտրոնում

Այս զարգացումների համատեքստում, ըստ Գասպարյանի, Թուրքիան ևս հայտնվել է զոհասեղանին։ «Էրդողանը փորձում է պահել Թուրքիայի դիրքերը, բայց աշխարհաքաղաքական վերադասավորումները կարող են վերաշարադրել նաև Անկարայի դերը։ Քրդական հարցը, Սիրիայի ապագան և մեծ տերությունների միջև ազդեցության նոր բաժանումը կարող են լրջորեն խարխլել Թուրքիայի դիրքերը», – նշում է նա։

Փաշինյանի շուրջ ձևավորված արտաքին կոնսենսուսը

Վերլուծաբանը նաև ընդգծում է, որ այս երեք գործոններով է պայմանավորված այն արտաքին կոնսենսուսը, որը ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի շուրջ։ «Խնդիրը Փաշինյանի մնալ-չմնալու հարցը չէ։ Խնդիրը այն է, թե արդյոք հաջորդ առաջնորդը խանգարելու է այս ձևավորված պայմանավորվածություններին, թե ոչ։ Փաշինյանը պարզապես վարպետորեն օգտագործում է այս խաղաթղթերը՝ Վաշինգտոնում ստորագրելով մեկը, Մոսկվայում հայտարարելով մյուսը», – ասում է Գասպարյանը։

Նրա կարծիքով, Փաշինյանի վարած քաղաքականությունը թույլ է տալիս իրեն ներկայացնել որպես միակ «լեգիտիմ» առաջնորդը, ով իբր պաշտպանում է արտաքին ուժերի շահերը, և այդ ձևաչափը շատ է հիշեցնում Արևմուտքի գործելաոճը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։

Նոր աշխարհաքաղաքական փուլ

Ամփոփելով՝ Գասպարյանը նշում է, որ տարածաշրջանը կանգնած է նոր աշխարհաքաղաքական փուլի շեմին։ «Այս երեք գործոնների միախառնված ազդեցությունը Հարավային Կովկասում բերելու է լրջագույն վերադասավորումների։ Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները նոր ձևաչափով են վերաբաժանելու ազդեցության գոտիները։ Սա այլևս ենթադրություն չէ, սա ընթացող գործընթաց է։ Եվ այս պայմաններում Հարավային Կովկասը, ներառյալ Հայաստանը, պետք է պատրաստ լինի արմատական փոփոխությունների», – եզրափակում է Գասպարյանը։

Scroll to Top