Դոնալդ Թրամփի շուրջ ձևավորված «նոբելյան խաղաղարարի» կերպարը փուլ է գալիս։ ԱՄՆ-ն աստիճանաբար կոշտացնում է իր արտաքին քաղաքականությունը, և շուտով թիրախը դառնալու է Ռուսաստանը։ Նման կարծիքի է քաղաքագետ Հայկ Այվազյանը։ Նրա խոսքով՝ այս գործընթացը պատահական չէ, այն տեղավորվում է Վաշինգտոնի ավելի լայն աշխարհաքաղաքական ռազմավարության մեջ։
Միաբևեռ աշխարհի կառավարիչը ես եմ
Քաղաքագետի մեկնաբանությամբ՝ Թրամփի ուղերձը աշխարհին չափազանց ուղիղ և կոշտ է․ ԱՄՆ-ն իրեն ներկայացնում է որպես միաբևեռ աշխարհի միակ կառավարիչ։ Այդ տրամաբանության մեջ Ռուսաստանը դիտարկվում է որպես պետություն, որը ապստամբել է այդ միաբևեռ համակարգի դեմ։
«Ուղերձը հետևյալն է՝ Միացյալ Նահանգներն է աշխարհի միակ կենտրոնը, Ռուսաստանը փորձել է կասկածի տակ դնել այդ գերիշխանությունը: Թրամփը իր պահվածքով և քայլերով փորձում է զգուշացնել մյուս պետություններին՝ չփորձեք միանալ այդ ապստամբությանը, հակառակ դեպքում կփոշմանեք»,- նշում է Այվազյանը։
Միջազգային հարաբերությունների կանոնների խախտումը՝ որպես գործիք
Այվազյանի համոզմամբ՝ ԱՄՆ-ն այսօր գիտակցաբար խախտում է միջազգային հարաբերությունների այն կանոնները, որոնք ձևավորվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Նրա խոսքով՝ այս խախտումները նախադեպային բնույթ ունեն և նպատակ ունեն աշխարհը ոչ թե կայուն պահել, այլ գցել վերահսկելի քաոսի մեջ։
«Խոսքը քաոս ստեղծելու ցանկության մասին չէ ինքնին։ Խոսքը այն հնարավորության մասին է, որ այդ քաոսի պայմաններում Միացյալ Նահանգները կարողանան աշխարհը վերաձևել իրենց ուզած ձևով՝ սահմաններ փոխել, պետություններին ծնկի բերել, վերաձևել քաղաքական համակարգերը այնպես, որ որևէ մեկը լուրջ դիմադրություն չկարողանա ցուցաբերի ամերիկյան գերիշխանությանը»,- ընդգծում է քաղաքագետը։
Երկու հիմնարար սկզբունք, որոնք պահում են աշխարհը քաոսից
Այվազյանը հիշեցնում է, որ միջազգային իրավունքը հիմնված է երկու առանցքային սկզբունքների վրա․ առաջինը՝ պետությունների ինքնիշխան հավասարությունն է, որը բացառում է ներքին գործերին միջամտելը, երկրորդը՝ տարածքային ամբողջականության գերակայության սկզբունքն է։
Թեև միջազգային իրավունքում գոյություն ունի նաև ազգերի ինքնորոշման սկզբունքը, քաղաքագետի խոսքով այն ստորադաս է առաջին երկուսին և չի կարող դրանց հակադրվել կամ դրանք չեղարկել։ ԱՄՆ-ի կողմից միջազգային իրավունքի հիմնարար կանոնների անտեսումը վտանգավոր է ոչ միայն կոնկրետ պետությունների, այլ ամբողջ միջազգային համակարգի համար։ Նրա խոսքով՝ եթե ուժի իրավունքը վերջնականապես փոխարինի իրավունքի ուժին, աշխարհը կմտնի երկարատև անկայունության և բախումների փուլ։

