Թուրքիա–Իրան․ Անկարայի ռեալպոլիտիկը գործողության մեջ

Թուրքիա–Իրան․ Անկարայի ռեալպոլիտիկը գործողության մեջ

Այս օրերին միջազգային օրակարգը կենտրոնացած է Իրանի շուրջ։ Առանց չափազանցության կարելի է ասել, որ ամբողջ աշխարհը րոպե առ րոպե սպասում է Միացյալ Նահանգների հնարավոր հարվածին Իրանի ուղղությամբ։ Պարսից ծոցում կենտրոնացված են նավատորմեր, տարածաշրջանում նկատվում է ռազմական ուժերի կուտակում, իսկ քաղաքական ու դիվանագիտական լարվածությունը հասել է վտանգավոր մակարդակի։ Այս իրավիճակում առանձնահատուկ ուշադրության է արժանի Թուրքիայի դիրքորոշումը՝ մի երկրի, որի հարաբերությունները Իրանի հետ պատմականորեն բարդ ու հակասական են եղել։

Թուրքիայի հարցերով փորձագետ Տիրան Լոքմագյոզյանը առաջարկում է Իրանի շուրջ ծավալվող գործընթացները դիտարկել ոչ թե հույզերի կամ մակերեսային քաղաքական գնահատականների, այլ իրական քաղաքականության տրամաբանության շրջանակում։

Իրական քաղաքականություն․ բարեկամներ չկան, կան շահեր

Փորձագետի համոզմամբ՝ ներկայիս զարգացումները լավագույնս ցուցադրում  են, թե ինչ է իրականում նշանակում և ինչպես է վարվում ռեալպոլիտիկը։ «Չկան բարեկամներ, չկան թշնամիներ, կան մշտական շահեր», – ընդգծում է Լոքմագյոզյանը։

Երբ պետությունների շահերը համընկնում են, նրանք դառնում են գործընկերներ, երբ շահերը հակասում են՝ վերածվում են հակառակորդների։ Այս տրամաբանությունը պարզ է իր հիմքում, սակայն չափազանց բարդ է իր գործնական դրսևորումներում։ Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, որ Թուրքիան, որը պատմականորեն խնդիրներ ունի Իրանի հետ, այսօր որոշ հարցերում աջակցում է նրան։ Սակայն հենց այստեղ է բացահայտվում քաղաքականության բազմաշերտ բնույթը։

Վերջին իրադարձությունների ֆոնին Իրանում շրջանառվում են տեղեկություններ, ըստ որոնց թուրքական հատուկ ծառայությունները քրդական շարժումների վերաբերյալ որոշակի տվյալներ են փոխանցել իրանական կողմին։ Այս քայլը որոշ շրջանակներում դիտարկվում է որպես բարեկամական ժեստ, սակայն փորձագետը հորդորում է այս հարցին մակերեսորեն չվերաբերվել։

Թուրքիան և Իրանը իրականում մնում են ռազմավարական հակառակորդներ, սակայն քրդական գործոնը նրանց շահերի հատման կետերից մեկն է։ Երբ քրդական խմբերը փորձում են Թուրքիայի տարածքից անցնել Իրան՝ այնտեղ աջակցելու իրենց ազգակիցներին, Անկարան այդ քայլերը հաճախ կանխում է և տվյալները փոխանցում Թեհրանին։ Իրանը, իր հերթին, կանխում է այդ վտանգը։

Թուրքիայի գործակալական ցանցերն ու Իրանի թույլ հակազդեցությունը

Սակայն նույն Թուրքիան, որը որոշ դեպքերում օգնում է Իրանին քրդական հարցում, միաժամանակ տասնամյակներ շարունակ վարում է լրիվ այլ քաղաքականություն Իրանի հյուսիսում՝ հատկապես Ատրպատականի շրջանում։

Լոքմագյոզյանի խոսքով՝ շուրջ 30 տարի առաջ այդ տարածքների բնակչությունը իրեն առաջին հերթին իրանցի էր համարում։ «Նրանք իրենց չեն նույնականացրել որպես թուրք, անգամ Ադրբեջանի կամ Նախիջևանի ադրբեջանցիների հետ իրենց մոտ չեն զգացել։ Այսօր, սակայն, պատկերը կտրուկ փոխվել է։ Այցելելով այդ շրջաններ՝ ակնհայտ է դառնում, որ բնակչության զգալի մասը իրեն թուրք է համարում, խոսում է Թուրքիայի հետ միավորվելու մասին և հաճախ ավելի հակված է դեպի Թուրքիա, քան Ադրբեջան», — նշում է նա։

Փորձագետը պնդում է, որ Ատրպատականում տեղի ունեցած ինքնության փոփոխությունը պատահական չէ։ Մոտ երեք տասնամյակ այդ տարածքներում ակտիվ աշխատել են Թուրքիայի ազդեցության գործակալները՝ ձևավորելով թրքացման և ծայրահեղականության գործընթացներ։ Իրանը, չնայած իր տոտալիտար կառավարման համակարգին, այս գործողություններին հակազդելու հարցում մնացել է բավականին թույլ։ «Այո, երկրում կան խիստ վերահսկողություն, ճնշումներ, կանխարգելիչ մեխանիզմներ, սակայն սահմանային տարածքներում այդ վերահսկողությունը հաճախ եղել է ոչ արդյունավետ», -ասաց նա։

Խնդիրը միայն Թուրքիայի հետ սահմանային շրջանների ուղղությամբ չէ։ Նույն պատկերը, ըստ փորձագետի, նկատվում է նաև Աֆղանստանի, Բելուջիստանի և այլ սահմանային շրջաններում, որտեղ պարբերաբար ի հայտ են գալիս ապակայունացնող գործընթացներ։

Թուրքիան որպես վերահսկողության մոդել

Ի հակադրություն Իրանի՝ Թուրքիան, ըստ Լոքմագյոզյանի, ունի չափազանց խիստ և արդյունավետ վերահսկողական համակարգ։ Թուրքիայում պետությունը ամբողջությամբ վերահսկում է թե՛ սահմանները, թե՛ ներքին բնակչությանը, հատկապես ազգային փոքրամասնություններին։

Այս համատեքստում առանձնահատուկ է հայերի վիճակը Թուրքիայում։ Այսօր երկրում, փորձագետի գնահատմամբ, ապրում է առավելագույնը 30 հազար հայ՝ միլիոնավոր թուրքերի մեջ։ Սակայն այդ փոքրաթիվ համայնքն անգամ գտնվում է գրեթե լիակատար վերահսկողության ներքո։

Պետությունը հետևում է, թե ինչ են խոսում հայերը, ինչ են անում, ովքեր են գալիս ու գնում։ Հատկապես զգայուն տարածքներում՝ Արեւմտյան Հայաստանի և Համշենի շրջաններում, հայերի ցանկացած տեղաշարժ մշտապես գտնվում է անվտանգության մարմինների ուշադրության կենտրոնում։

Scroll to Top