Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը մեծ նշանակություն կունենա, քանի որ խոսքը գնում է հակամարտող երկրների առաջնորդների անմիջական հանդիպման մասին, VECTORS․am-ին տված հարցազրույցում ասել է լեհ քաղաքագետ, կովկասագետ, Վարշավայի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի գիտությունների դոկտոր Կոնրադ Զաշտովտը։
Մոսկվայից անկախ կարգավիճակի ցուցադրման հերթական տարրը
Սակայն այս հանդիպման արդյունքը, նրա կարծիքով, լինելու է ոչ թե վերջնական խաղաղության համաձայնագիր, այլ ընդամենը փաստաթուղթ, որը կվկայի բանակցությունների առաջընթացի մասին, հնարավոր է՝ պարզապես կողմերի բարի կամքի մասին ընդհանուր հռչակագիր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար, ինչպես նշում է քաղաքագետը, այս դեպքում կարևորվում է առաջին հերթին փիառ ասպեկտը։
«Մյուս կողմից՝ խաղաղության գործընթացն արդեն ընթանում է երկկողմ ձևաչափով։ Բանակցությունների վայրը՝ լինի դա ԱՄԷ-ն, թե ԱՄՆ-ը, նշանակություն ունի, սակայն ո՛չ Մոսկվան, ո՛չ Վաշինգտոնը այլևս չեն հանդիսանում և չեն էլ հանդես գա որպես խաղաղության համաձայնագրի հովանավորներ կամ «մանկաբարձներ»։ Եթե այն իսկապես կնքվի, ապա դա կլինի երկու կովկասյան պետությունների նվաճումը։ Բաքվի, ինչպես և Երևանի համար, հավանաբար, կարևոր է, որ հանդիպումը տեղի է ունենալու ԱՄՆ-ում, քանի որ դա իրենց համար Մոսկվայից անկախ կարգավիճակի ցուցադրման հերթական տարրն է», – ասել է նա։
«Հարավային Կովկասը այլևս չունի այն նշանակությունը Վաշինգտոնի քաղաքականության համար, ինչ ուներ նախորդ տասնամյակներում…»
Փորձագետը հիշեցրեց, որ ԱՄՆ-ը դեռ Օբամայի նախագահության ժամանակ սկսել էր ազդակներ ուղարկել արտաքին քաղաքականության «շրջադարձի» մասին՝ դեպի Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։
«Ներկայումս Հարավային Կովկասը չունի այն նշանակությունը, ինչ ուներ Վաշինգտոնի քաղաքականության համար նախորդ տասնամյակներում։ Մյուս կողմից, այն շարունակում է որոշակի դեր խաղալ՝ որպես տարածաշրջան, որը անմիջականորեն հարևանում է Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատճառով շարունակում է մնալ ԱՄՆ-ի համար խնդիր։ Բացի այդ, տարածաշրջանն անմիջապես սահմանակցում է Մերձավոր Արևելքին, ինչը ևս հավելյալ մարտահրավեր է ամերիկյան քաղաքականության համար։ Օրինակ՝ Ադրբեջանը, որպես պետություն, որը փաստացի դաշնակից հարաբերություններ ունի Իսրայելի հետ, նշանակություն ունի ԱՄՆ-ի քաղաքականության համատեքստում՝ կապված Իրանի հետ։ Իր հերթին Հայաստանը լավ հարաբերություններ ունի Թեհրանի հետ, սակայն ունի շատ ավելի բարդ հարաբերություններ Իսրայելի հետ։ Այդուհանդերձ, Հայաստանը ևս որոշակի դեր ունի Մերձավոր Արևելքի քաղաքականության շրջանակում», – ընդգծեց նա։
Ոչ թե «Աբրահամի համաձայնագրեր», այլ դրանց նմանակը
Ինչ վերաբերում է տարբեր փորձագետների քննարկումներին այն մասին, թե հնարավոր է Ադրբեջանը միանա «Աբրահամի համաձայնագրերին»՝ որպես Իրանը զսպելու ռազմավարության մաս, ապա քաղաքագետը նշեց․
«Ինձ համար դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող էին Բաքուն մասնակցել «Աբրահամի համաձայնագրերին», քանի որ դրանք վերաբերում էին բոլորովին այլ հակամարտությանը՝ արաբա-իսրայելական հարաբերություններին։ Սակայն Վաշինգտոնի տեսանկյունից, Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը որոշ առումով կարող է ձևավորվել՝ Թրամփի առաջին նախագահության ընթացքում Իսրայելի և արաբական երկրների միջև երկխոսության մոդելով։ Ընդհանուր գիծը կլիներ Ամերիկայի մասնակցության գործոնը որպես միջնորդի, որի գործողությունները հանգեցրին տարածաշրջանում խաղաղության»։
Բաքվում չեն ցանկանում որևէ միջամտություն՝ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Արևմուտքի
Խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կառավարման արտապատվիրակման գաղափարի իրատեսելիության մասին՝ փորձագետը ընդգծեց, որ «կոնֆլիկտային տարածաշրջանում մաքսային ծառայություններ մատուցելու նպատակով ամերիկյան ընկերության ներգրավման հայեցակարգն արդեն ունի նախադեպ»։
«21-րդ դարի առաջին տասնամյակում, երբ Ռուսաստանը միացավ ԱՀԿ-ին, նմանատիպ ամերիկյան ընկերություն պետք է մաքսային ծառայություններ մատուցեր Ռուսաստանի և Վրաստանի անջատողական տարածաշրջան Աբխազիայի սահմանին։ Այդ ծրագիրը, սակայն, այդպես էլ չիրականացավ։ Այսօր չի բացառվում, որ մնանատիպ լուծում կարող է կյանքի կոչվել», – նշել է նա։
Մյուս կողմից, ինչպես նշել է Զաշտովտը, այդ հայեցակարգին հակադրվելու է Իրանն, Ադրբեջանն էլ առանձնակի ոգևորություն չի ցուցաբերում։ Այժմ Բաքվի իշխանությունները չեն ցանկանում որևէ միջամտություն տարածաշրջանին՝ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ արևմտյան երկրների կողմից, քանի որ Ադրբեջանը, գտնվելով Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ, մնում է գերիշխող դիրքում և ունակ է ճնշում գործադրել Երևանի վրա, վստահ է նա։
«Նույնիսկ մասնավոր ամերիկյան ընկերության ներկայությունը ստեղծում է որոշակի ազդեցության հնարավորություն ԱՄՆ-ի համար և սահմանափակում է Բաքվի ճնշման մեխանիզմները Երևանի նկատմամբ։ Մինչ օրս այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը մնում է Բաքվի և Երևանի միջև վերջին հակասությունների առանցքային թեմաներից մեկը», – ընդգծել է նա։
Զրույցը վարեց Մարինա Բրուտյանը

