Հայաստանի հանրային ֆինանսների համար պատասխանատուի, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի՝ ՀՀ ազգային ժովողում հնչեցրած վերջին հայտարարությունները պետական պարտքի մասին, առնվազն մոլորեցնող են։ Նման կարծիքի է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
«Երբ նախարարն ասում է՝ «պարտքը չի կրկնապատկվել, այլ աճել է 80%», նա՝ կամ էլեմենտար թվաբանություն չգիտի, կամ պարզապես փորձում է խաբել հանրությանը», — պնդում է Անանյանը։
Նրա խոսքով՝ իրականում Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է դոլարով, և աճել է 66% դրամով․
«2017թ․ պետական պարտքը կազմել է 3.28 տրիլիոն դրամ (6.77 մլրդ USD), 2025թ․ սեպտեմբերին՝ 5.43 տրիլիոն դրամ (14.20 մլրդ USD)։ Այսինքն՝ դրամով՝ +66% աճ, դոլարով՝ +2.1 անգամ աճ՝ շնորհիվ դրամի արժևորման, որը ձևականորեն մեղմացրել է դրամային ցուցանիշը։ Այնպես որ՝ պարտքը ոչ միայն կրկնապատկվել է, այլ դարձել է Հայաստանի բյուջեի հիմնական «շնչառական ապարատը»։
Անանյանը նշում է, որ ներքին պարտքի կտրուկ աճը գործող նախարարի պաշտոնավարման շրջանի արդյունք է։ Վերջին երկու տարում, մանրամասնում է Անանյանը, ներքին պարտքը աճել է ավելի քան +630 մլրդ դրամով, իսկ նրա մասնաբաժինը առաջին անգամ գերազանցել է արտաքինին՝ 51.4% ներքին՝ 48.6% արտաքինի դիմաց։ Այս հանգամանքը, ըստ փորձագետի, ոչ թե հաջողություն է, այլ տարրական արձանագրում այն փաստի, որ արտաքին վարկային շուկաները փակվել են Հայաստանի համար, և կառավարությունը սկսել է պարտք վերցնել «տանը՝ սեփական բանկերից»։
Անանյանը բացատրեց, որ ներքին պարտքը իրականում ավելի թանկ է, քան արտաքինը։ Արտաքին վարկերը, շարունակեց նա, տարիներ շարունակ ներգրավվում էին 2–3% տոկոսադրույքով, այնինչ գանձապետական պարտատոմսերը ներգրավվում են 8–10% եկամտաբերությամբ։
«Այն, ինչ նախարարն անվանում է «կայունացում», իրականում նշանակում է՝ պետությունը պարտք է վերցնում իր քաղաքացիներից՝ կրկնակի գնով։ Այսօր բյուջեն վճարում է ավելի շատ, միայն թե կարողանա ծածկել սեփական պակասուրդը», — ասաց Անանյանը։
Նա պնդում է՝ արտաքին պարտքը չի նվազել՝ այն դարձել է անհասանելի, այսինքն՝ նախարարի պնդումները, որ արտաքին պարտքը նվազել է, իրականում նշանակում են ոչ թե եղաշ պարտքերի վերադարձ, այլ նոր վարկեր ներգրավելու անհնարինություն։ Հայաստանի վարկունակությունը, համոզված է նա, ընկել է, միջազգային ֆինանսական կառույցների վստահությունը՝ նվազել։ Արտաքին պարտքի կրճատումը ոչ այլ ինչ է, քան վարկային մեկուսացում։ Բացի դրանից, շարունակում է նա, դրամի արժևորման շնորհիվ պարտքը թվացյալ փոքր է երևում։
«Դրամը վերջին տարիներին արժևորվել է՝ 522 դրամ/դոլարից իջնելով մինչև 382 դրամ/դոլար։ Այդ պատճառով պարտքը դոլարով ներկայացնելիս թվերը արհեստականորեն փոքր են։ Բայց պարտքը (ներքին պարտքը) մենք վերադարձնում ենք դրամով, ոչ թե դոլարով։ Այսինքն՝ սա պարտքային կայունություն չէ, սա պարտքային փակուղի է», — ասաց նա։

