Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել

Ծախսերի աճ առանց արդյունքի. խնդիրնը միայն խորանում է

Հանրային ֆինանսների կառավարման հիմնարար սկզբունքներից մեկը ծախսերի արդյունավետությունն է։ Այն հիմք է ծառայում պետական կառույցների աշխատանքի գնահատման համար` բյուջետային հատկացումների նպատակային, հաշվարկված և հիմնավորված լինելու տեսանկյունից։

Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, տնտեսագետ Վարդան Արամյանը բյուջեի մի շարք հատկացումներ գնահատեց հենց այս՝ արդյունավետության չափման տրամաբանության շրջանակում։

Կապիտալ ծախսերի արդյունավետությունը՝ որպես հանրային քննարկման հիմնական խնդրի աղբյուր

Նրա խոսքով՝ պետական կապիտալ ծախսերի անվանական ծավալները վերջին տարիներին աճել են։ Սակայն խնդիրն այլ հարթության մեջ է՝ հասարակության դժգոհության հիմքում ոչ թե ծախսերի չափն է, այլ դրանց արդյունավետությունը։

«Իրականում կարևոր չէ, թե որքան դպրոց կամ ճանապարհ է կառուցվում։ Կարևոր է՝ ինչ արդյունք է դա բերում ֆիզիկական, սոցիալական կամ կյանքի որակի փոփոխության տեսանկյունից»,– ասում է Արամյանը։

Այս համատեքտում Արամյանը անդրադարձավ ճանապարհաշինությանը՝ նշելով, որ տնտեսական ազդեցության գնահատումը չի կարող անտեսել անվտանգային միջավայրը։ Նրա խոսքով՝ որքան էլ որակյալ լինեն նորակառույց ճանապարհները, դրանց արդյունավետությունը նվազում է, եթե դրանք գտնվում են ադրբեջանական զինված ուժերի տեսադաշտում կամ ուղղակի սպառնալիքի ներքո։

«Ցանկացած ռացիոնալ մտածող տնտեսվարող չի նախընտրի ճանապարհ, որի մոտակայքում ադրբեջանական դրոշ է կախված։ Նա կնախընտրի ավելի երկար, բայց անվտանգ երթուղի։ Իսկ դա նշանակում է, որ ծախսված պետական միջոցների վերադարձելիությունն ու տնտեսական էֆեկտը կնվազի»,– ասում է Արամյանը։

Շինարարության աճը՝ տնտեսական որակի տեսանկյունից

Արամյանի գնահատմամբ՝  ՀՀ-ում կապիտալ շինարարության աճի զգալի մասը իրականում պայմանավորված է ոչ թե պետական, այլ մասնավոր միջոցներով։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ կապիտալ շինարարության ավելի քան 20%–անոց աճի հիմքում բնակարանային շինարարությունն է, ինչը տնտեսագետի խոսքով՝ չի կարող մասնակցել ՀՆԱ–ի ձևավորմանը, քանի որ չի ստեղծում երկարաժամկետ տնտեսական արժեք։

Արամյանը ընդգծում է, որ եթե Հայաստանը լիներ տուրիզմի կենտրոն՝ ինչպես Իսպանիան, Մալդիվները կամ էմիրությունները, ապա բնակարանային շինարարության աճը կարող էր ծառայել որպես ներդրումային ակտիվ և ապահովել ծառայությունների արտահանում՝ հյուրատների կամ վարձակալության միջոցով։ Սակայն ներկայիս պայմաններում բնակարանային շինարարությունը պարզապես երկարաժամկետ սպառման ապրանք է, որը չի ձևավորում տնտեսական աճի նոր աղբյուրներ։

Այս պատկերն առավել մտահոգիչ է նաև այն պատճառով, որ Հայաստանում արտագաղթը շարունակում է գերազանցել ներգաղթը, իսկ բնակարանային շինարարության աճը չի արտացոլում տնտեսական օրինաչափ զարգացում։

Ոստիկանության ծախսերի աճը և հանցագործությունների աճող թվերը

Արամյանի գնահատմամբ՝ կապիտալ շինարարության ծախսերը միակը չեն, որ ունեն ցածր արդյունավետություն։ 

«2019 թ․ ոստիկանության և փրկարար ծառայության համախառն ծախսերը մոտ 72 միլիարդ դրամ էին։ 2025 թ․ այդ թիվը հասել է շուրջ 105 միլիարդի՝ ավելի քան 45% աճով», — նշեց տնըեսագետը։

Սակայն, Արամյանի խոսքով, ծախսերի ավելացումը չի բերել ակնկալվող արդյունքների. եթե 2019 թ․ Հայաստանում գրանցվել է շուրջ 26․000 հանցագործություն, ապա 2024 թ․ վերջի դրությամբ այդ թիվը գերազանցել է 40․000–ը։  2024 թ․ հունվար–հոկտեմբեր ամիսներին հանցագործությունների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է ևս 9,8%–ով։

«Հետևաբար խնդիրն այն չէ, որ ոստիկանությունը նոր ավտոմեքենաներ կամ սարքավորումներ է ձեռք բերում։ Հարցն այն է, թե ինչ փոփոխություն են բերում այդ ներդրումները հանրային անվտանգության տեսանկյունից, իսկ ըստ վիճակագրության՝ հանցագործությունները շարունակաբար աճում են»,– ընդգծում է նա։

Սոցիալական ծախսեր և ժողովրդագրական ցուցանիշները

Նմանատիպ իրավիճակ է դիտվում սոցիալական ոլորտում։ Չնայած պետական սոցիալական հատկացումները տարիներ շարունակ ավելանում են, ծնելիությունը նվազում է, մահացությունները աճում են, արտագաղթը մեծանում է։

Այսպիսով՝ ծախսերի բարձրացումը չի ապահովում ակնկալվող լուծումները, իսկ հիմնական սոցիալական ցուցանիշները շարունակաբար վատթարանում են։


👉 https://vectors.am/category/tntesutyun/

Scroll to Top