2026 թվականի բյուջեն ֆիսկալ թակարդների ճիրաններում

Վերաֆինանսավորման տոկոսի իջեցում․ փոքր քայլ՝ լուրջ միտու՞մ

Կենտրոնական բանկը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով և սահմանել այն 6.50 տոկոսի մակարդակում։ ԿԲ–ի հիմնավորմամբ՝ 2025 թվականի չորրորդ եռամսյակում 12 ամսյա գնաճը դանդաղել է՝ նոյեմբերին կազմելով 3.1 տոկոս, մինչդեռ բնականոն գնաճը փոքր-ինչ աճել է՝ հասնելով 3.8 տոկոսի։ Միաժամանակ Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի աճի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում նաև գնաճի արագացման ռիսկերը շարունակում են պահպանվել։ Ինչո՞վ է պայմանավորված ԿԲ–ի այս որոշումը և ի՞նչ սպասելիքներ կարող են ունենալ քաղաքացիներն ու բիզնեսը առաջիկա փուլում պարզաբանեց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը։ 

Վերաֆինանսավորման տոկոսի իջեցումը՝ դրական, բայց սահմանափակ ազդեցությամբ

Նրա խոսքով՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումն ընդհանուր առմամբ դրական երևույթ է, եթե այն չի հանգեցնում լրացուցիչ գնաճային ճնշումների։ Բարխուդարյանի գնահատմամբ՝ դրական ազդեցությունն առաջին հերթին դրսևորվում է նրանով, որ գումարը դառնում է ավելի մատչելի, իսկ վարկավորման ծավալները որոշ չափով աճում են՝ միջոցները ուղղելով դեպի բիզնես։

«0.25 տոկոսային կետով իջեցումը մեծ չէ, բայց միտումն ակնհայտ է»,– նշում է նա՝ ընդգծելով, որ դա նաև վկայում է գնաճի վերահսկելի լինելու հանգամանքի մասին։ Նրա կանխատեսմամբ՝ տարեկան գնաճը կարող է կազմել շուրջ 3.5–4 տոկոս՝ մնալով 4 տոկոսից ցածր մակարդակում։

Բարխուդարյանը հիշեցնում է, որ Կենտրոնական բանկի և կառավարության ծրագրերով, ինչպես նաև պետական բյուջեի մասին օրենքով, թիրախային գնաճը սահմանված է 3 տոկոս՝ ±1.5 տոկոսի միջակայքում։ «Սա նշանակում է, որ ազդեցությունները հաշվարկված են, և գործընթացը կարգավորվում է Կենտրոնական բանկի ու կառավարության համատեղ քաղաքականությամբ»,– նշում է նա։

Տնտեսական ակտիվություն՝ առանց ներդրումային բումի

Նրա խոսքով՝ մյուս հավասար պայմաններում վերսֆինանսավորման տոկոսի իջեցման հիմնական նպատակը տնտեսական ակտիվության խթանումն է և փողը տնտեսվարող սուբյեկտների ու քաղաքացիների համար ավելի մատչելի դարձնելը։ Ընդհանուր առմամբ, սա դրական զարգացում է, սակայն դրա ազդեցությունը սահմանափակ է, եթե խոսքը վերաբերում է խորքային տնտեսական աճին։

Բարխուդարյանը նկատում է, որ տնտեսական բումի, արդյունաբերության կամ գյուղատնտեսության արագ զարգացման, ինչպես նաև լուրջ ներդրումների մասին խոսելն այս փուլում դժվար է։ Նրա խոսքով՝ ներկայիս բանկային միջին տոկոսադրույքները հիմնականում նպաստում են առևտրին, բայց ոչ երկարաժամկետ ներդրումային ծրագրերին։

«Եթե բանկերը վարկ են տալիս 15 տոկոսով, դա արդեն շատ բարձր է»,– ընդգծում է նա՝ օրինակ բերելով արտադրական ներդրումները, որոնք պահանջում են ժամանակ՝ շինարարության, սարքավորումների տեղադրման և արտադրության մեկնարկի համար։ Այդ ընթացքում նման բարձր տոկոսադրույքները լուրջ ֆինանսական բեռ են դառնում ներդրողների համար։

Երբ արտաքին վարկը ավելի մատչելի է

Բարխուդարյանը հիշեցնում է, որ եղել են դեպքեր, երբ հայաստանյան արտադրողներն ու գործարարները «դրսից» վարկեր են ստացել՝ 3–4 տոկոսով և առանց պետական երաշխիքների, և այդ ծրագրերը հաջողությամբ իրականացվել են։ Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս, թե որքան մեծ է տարբերությունը և որքան աշխատանք ունեն անելու հայկական բանկերը՝ տոկոսադրույքները աստիճանաբար իջեցնելու ուղղությամբ։

Նա նշում է, որ այդ գործընթացը հնարավոր է նաև դեպոզիտների դիմաց վճարվող տոկոսադրույքների նվազեցման հաշվին․ «Եթե բանկը դեպոզիտի համար վճարում է 9 տոկոս, նա չի կարող վարկավորել 7 տոկոսով՝ հաշվի առնելով իր մարժան և այլ ծախսերը»։

Ըստ Բարխուդարյանի՝ զարգացումները ժամանակի ընթացքում կարող են բերել տոկոսադրույքների էական նվազեցման, սակայն իրավիճակը կփոխվի որակապես, եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիր և բացվեն սահմանները։ Նրա համոզմամբ՝ այդ դեպքում տնտեսական և ներդրումային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ զգալիորեն կաճի՝ ստեղծելով արդեն բոլորովին այլ միջավայր ներդրումների համար։


👉 https://vectors.am/category/tntesutyun/

Scroll to Top