TRIPP. Վաշինգտոնի և Թեհրանի միջև

TRIPP. Վաշինգտոնի և Թեհրանի միջև

Հունվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում ներկայացրին «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհային քարտեզի» (TRIPP) նախագծի իրականացման շրջանակը: Հայկական կողմի պնդմամբ՝ փաստաթուղթը բացառապես արտացոլում է համաձայնեցված և հրապարակված պայմանավորվածությունները՝ առանց որևէ թաքնված կամ չարտահայտված պայմանի:

Մամուլի ասուլիսում Միրզոյանը հայտարարեց, որ «համաձայնեցված է միայն այն, ինչ թղթի վրա է և հրապարակված», և որ այլ համաձայնագրեր գոյություն չունեն:

Ի՞նչ է ենթադրում շրջանակային փաստաթուղթը

Ներկայացված փաստաթղթի համաձայն՝ TRIPP-ը նպատակ ունի ստեղծել անխափան բազմամոդալ տարանցիկ կապեր Հայաստանի տարածքով։ Նախագիծը նախատեսում է ցամաքային կապի հաստատում Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, այն պետք է դառնա Անդրկասպյան առևտրային ուղու հիմնական օղակը՝ Կենտրոնական Ասիան և Կասպյան տարածաշրջանը Եվրոպայի հետ կապելով։

Շրջանակային ծրագրի տեքստում ընդգծվում են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձության սկզբունքները։ Նախագծի վերջնական նպատակը նշվում է որպես Հայաստանի և Ադրբեջանի անվտանգության և բարգավաճման ամրապնդում, ինչպես նաև տարածաշրջանային առևտրի և տարանցիկ հնարավորությունների ընդլայնում՝ Միացյալ Նահանգների մասնակցությամբ։

Սակայն առաջին հայացքից  դրական այս փաստաթուղթը պարունակում է նաև վտանգավոր կետեր։ Արտգործնախարարի հայտարարության համաձայն՝ բաժնետոմսերի 74%-ը կպատկանի Միացյալ Նահանգներին, իսկ 26%-ը՝ Հայաստանի Հանրապետությանը։ Միրզոյանը սա արդար բաշխում անվանեց ՝ ընդգծելով, որ ամերիկյան կողմը ստանձնում է ներդրումային հիմնական պարտավորությունները, մինչդեռ Հայաստանի ներդրումը հիմնականում բաղկացած է շինարարության իրավունքի տրամադրումից։ Գործընկերության ժամկետը սահմանվել է 49 տարի՝ ևս 50 տարով երկարաձգելու հեռանկարով, սակայն երկարաձգման դեպքում Հայաստանի բաժինը «կարող է աճել մինչև 49%»։

Թեհրանի կոշտ ուղերձը

Իրանի պատասխանը չուշացավ։ Հայկական կողմի հայտարարություններից գրեթե անմիջապես հետո, Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին հանդես եկավ կոշտ գնահատականով։ Նա ընդգծեց, որ Թեհրանում ձևավորվում է այն ընկալումը, որ «Հայաստանը դառնում է Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն»։

Դեսպանը նաև հայտարարեց, որ եթե Իրանում բողոքի ցույցերը հաջողությամբ պսակվեն, ապա Հայաստանը նույնպես կպարտվի՝ կապելով Իսլամական Հանրապետության ներքին կայունությունը տարածաշրջանային անվտանգության հետ։ Նա նաև մտահոգություն հայտնեց Երևանում Իրանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցերի վերաբերյալ, որտեղ, նրա խոսքով, հնչում էին անհարգալից և վիրավորական կարգախոսներ։

Խալիլ Շիրգոլամին ընդգծեց, որ նման գործողությունները «կմնան իրանցի ժողովրդի հիշողության մեջ», հիշեցնելով, որ Իրանը դժվարին ժամանակներում կանգնած է եղել Հայաստանի կողքին։ Նա հավելեց, որ իրանական կողմը բազմիցս իր մտահոգությունները փոխանցել է Հայաստանի իրավասու մարմիններին։

Կեսդարյա պարտավորությունների ռիսկերը

Եվ այսպես, որքանո՞վ են շահավետ ձեռք բերված լուծումները։ Մի կողմից՝ ԱՄՆ-ի մասնակցությունն ու ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքների ամրագրումը մեծացնում են նախագծի միջազգային լեգիտիմությունը և ստեղծում Հայաստանի համար լրացուցիչ երաշխիքներ։ Մյուս կողմից՝ ԱՄՆ-ի ձեռքում վերահսկիչ բաժնեմասի կենտրոնացումը և գործընկերության երկարաժամկետ բնույթը օբյեկտիվորեն սահմանափակում են անկախ մանևրելու հնարավորությունը։

TRIPP-ի հիմնական խոցելիությունը կայանում է սեփականության կառուցվածքում․ 74% բաժնետոմսերը անցնում են ԱՄՆ-ի վերահսկողության տակ, մինչդեռ Հայաստանին հատկացվում է ընդամենը 26%-ը՝ 49 տարի ժամկետով։ Ֆորմալ առումով նման բաշխումը բացատրվում է ներդրումների ծավալով և անվանվում «արդարացի», բայց փաստացի խոսքը գնում  է ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ակտիվի նկատմամբ Հայաստանի վերահսկողության էական սահմանափակման մասին։ Նման կոնֆիգուրացիայի դեպքում հայկական կողմի ազդեցությունը կառավարչական որոշումների վրա կլինի նվազագույն, և նախագիծն ինքնին երկարաժամկետ կախվածություն է ստեղծում արտաքին օպերատորից:

Պնդումները, որ 49 տարի անց կողմերի բաժնեմասերը «գրեթե հավասար» կլինեն, ավելի շատ նման են քաղաքական պնդման, քան իրական երաշխիքի: Կեսդարյա հորիզոնը նշանակում է սերնդափոխություն, այլ քաղաքական ռեժիմներ և միջազգային հանգամանքներ, և ոչ ոք չի կարող վստահորեն ասել, որ պայմանները, համատեքստը և նույնիսկ մասնակից ընկերությունները կմնան իրենց ներկայիս տեսքով։

Տնտեսական նախագիծ՝ քաղաքական հետևանքներով

Հայաստանի համար մեկ այլ ռիսկ է այն, որ երկիրը աստիճանաբար հայտնվում է երեք տարբեր տրամաբանությունների միջև՝ ամերիկյան, որը կենտրոնացած է տարանցման, ներդրումների և աշխարհատնտեսական ազդեցության վրա; իրանական, որը հիմնված է անվտանգության նկատառումների վրա և կանխում է թշնամական ուժերի ներկայությունը իր սահմաններին; և ռուսական, որը Հայաստանը դիտարկում է որպես սեփական ազդեծության գոտի։

Չնայած ընդգծված տնտեսական հռետորաբանությանը, TRIPP-ի շուրջ արդեն իսկ ի հայտ է գալիս հստակ աշխարհաքաղաքական ուրվագիծ։ Թեհրանի կոշտ արձագանքը հստակ ցույց է տալիս, որ տարածաշրջանն արդեն այն ընկալում է որպես աշխարհաքաղաքական ընտրության տարր, որի հետևանքները տարածվում են շատ ավելի հեռու, քան լոգիստիկ հնարավորություններն ու առևտուրը։

Իրանի դեսպանի հայտարարությունը առաջին ազդանշանն էր այն մասին, որ հայ-ամերիկյան համագործակցության խորացումը սկսում է նյարդայնացնել տարածաշրջանային գործընկերներին։ Թեհրանի համար ԱՄՆ-ի նման ներկայությունը Հայաստանում  նշանակում է նվտանգության պոտենցիալ ռիսկ իր սահմաններին։ Այսպիսով, Հայաստանի հիմնական մարտահրավերը Արևմուտքի հետ համագործակցության կողմից առաջարկվող նոր հնարավորությունների և ավանդական տարածաշրջանային հարաբերությունների միջև հավասարակշռության պահպանումն է։ 

Արդյո՞ք նախագիծը կդառնա կայունության գործոն, թե՞ Հարավային Կովկասում նոր լարվածության աղբյուր, կախված է նրանից, թե որքան թափանցիկ և զգույշ կկառուցվի այս քաղաքականությունը։ Առայժմ նախագծի շուրջ ստեղծված մթնոլորտը լավատեսություն չի ներշնչում։

Scroll to Top