Ռուսաստանի դիրքորոշումը երկաթուղու հարցում տանում է փակուղի 

Ռուսաստանի դիրքորոշումը երկաթուղու հարցում տանում է փակուղի 

Հայ-ռուսական վերջին բանակցություններից հետո Մոսկվայի կողմից հնչեցրած հայտարարությունները հայաստանյան երկաթուղու թեմայով բավական բարդ իրավիճակ են ստեղծում Հայաստանի համար։ Այս մասին նշել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

Ռուսաստանը չի պատրաստվում փոխանցել երկաթուղու կառավարումը

Գրիգորյանի խոսքով՝ բանակցություններից հետո ամենախնդրահարույց հայտարարություններից մեկը վերաբերում էր հենց երկաթուղու թեմային։

«Մի կողմից բացառվեց այդ տարբերակը, որ այդ կոնցեսիան կարող է փոխանցվել երրորդ կողմին։ Ընդ որում դա ասվեց ոչ միայն Պուտինի, այլ նաև հաջորդ օրը նրա խոսնակ Դմիտրի Պեսկովի կողմից»,- նշել է Գրիգորյանը։

Միաժամանակ, ըստ նրա, ռուսական կողմի մեկ այլ հայտարարություն իրավիճակն ավելի բարդ է դարձնում։ Խոսքը այն պնդման մասին է, որ այս փուլում երկաթուղային համակարգում նույնիսկ նոր ներդրումներ կատարելու անհրաժեշտություն չի տեսնում Ռուսաստանը, քանի որ չի ակնկալում առևտրաշրջանառության կամ բեռնափոխադրումների էական աճ։

«Մի կողմից չեն համաձայնում կառավարումը փոխանցել, մյուս կողմից էլ պնդում են, որ նույնիսկ ներդրումներ անելու անհրաժեշտություն չկա։ Սա Հայաստանի տեսանկյունից բավականին խնդրահարույց իրավիճակ է»,- ասել է քաղաքագետը։

Առանց ենթակառուցվածքի զարգացումն ինքն իրեն չի լինելու

Գրիգորյանի գնահատմամբ՝ այստեղ առաջանում է ակնհայտ հակասություն։ Եթե երկաթուղային համակարգում կան բացակայող հատվածներ, վերանորոգման կարիք ունեցող ենթակառուցվածքներ և այլ խնդիրներ, ապա դժվար է ակնկալել, որ առանց դրանց լուծման կաճեն առևտրաշրջանառությունն ու բեռնափոխադրումները։

Այս պայմաններում Հայաստանը հայտնվում է բավական բարդ իրավիճակում․ Ռուսաստանը չի ցանկանում հրաժարվել երկաթուղու կառավարման իրավունքից, սակայն միաժամանակ չի պատրաստվում ներդրումներ կատարել այն ենթակառուցվածքում, որի զարգացումն անհրաժեշտ է նոր տնտեսական հոսքերի ապահովման համար։

Կողմերը, ըստ ամենայնի, կփորձեն կառավարել ճգնաժամը

Քաղաքագետի խոսքով՝ մեկ այլ կարևոր հանգամանք այն է, որ կողմերը պայմանավորվել են այս հարցերը քննարկել նաև Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա նախատեսվող այցի ընթացքում։ Նրա գնահատմամբ՝ սա ցույց է տալիս, որ այս փուլում չկա իրավիճակը ավելի կոշտ ճանապարհով լուծելու հստակ միտում։

«Այդ հանդիպման պայմանավորվածությունը նշանակում է, որ կողմերը շարունակելու են փորձել կառավարել այս ճգնաժամը և ինչ-որ կտրուկ քայլերի չեն գնալու»,- ասել է Գրիգորյանը։

Գրիգորյանի համոզմամբ՝ Հայաստանը, կարծես թե, չի պատրաստվում միակողմանիորեն վերցնել կոնցեսիոն կառավարման իրավունքը և փոխանցել այն մեկ այլ կողմի, իսկ Ռուսաստանն էլ պատրաստ չէ հրաժարվել իր դիրքորոշումից։«Սա ինչ-որ չափով փակուղի է ստեղծում այս հարցի շուրջ»,- նշել է նա։

Քաղաքագետը չի ակնկալում, որ առաջիկա ամիսներին հայկական կողմի բանակցային փորձերը էական արդյունք կտան։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի համար երկաթուղու հարցը պարզապես տնտեսական կամ ենթակառուցվածքային խնդիր չէ, այլ անմիջականորեն կապված է տարածաշրջանում նրա ներկայության և ազդեցության լծակների հետ։

«Ռուսաստանի համար կարծես թե այս հարցը կարմիր գիծ է, այսինքն՝ սա ուղղակիորեն առնչվում է նրանց տարածաշրջանային ներկայությանը և նաև տարածաշրջանային լծակներին»,- ասել է Գրիգորյանը։

Այս պայմաններում, նրա գնահատմամբ, առավել հավանական է, որ առաջիկա ամիսներին շարունակվեն բանակցություններն ու քննարկումները՝ առանց շոշափելի արդյունքի։ Միաժամանակ, Հայաստանի կառավարությունը կարող է փորձել այլ մեխանիզմներով լուծել երկաթուղային ենթակառուցվածքի կոնկրետ խնդիրները՝ անկախ կոնցեսիոն կառավարման հարցի վերջնական կարգավորումից։


👉 Քաղաքականություն — Vectors.am

Scroll to Top