Սյունիքի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան և Թուրքիա որևէ ձևաչափով հեշտացված անցման ապահովումը գրեթե անխուսափելի էր այն պահից, երբ Հայաստանը կորցրեց վերահսկողությունը Արցախի նկատմամբ։ Այս մասին նշեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
Պողոսյանի խոսքով՝ այս իրողությունը կարելի է համեմատել ծանր վիրուսային հիվանդության հետ․ եթե կա պատճառը, ապա դրա հետևանքը նույնպես անխուսափելի է։ Նրա գնահատմամբ՝ արդեն 2020 թվականի նոյեմբերից պարզ էր, որ այն, ինչ մնացել էր Արցախից, կենսունակ միավոր չէր, իսկ 2023 թվականի սեպտեմբերից հետո՝ Արցախի Հանրապետության ոչնչացումից և էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը անպայման հասնելու էր Սյունիքի միջոցով անցման հարցի լուծմանը։
Վատագույն սցենարն ու «երրորդ կողմի» անխուսափելիությունը
Քաղաքագետի խոսքով՝ հարցը ոչ թե այն էր՝ կլինի՞ անցում, այլ՝ ինչպիսի՞ն կլինի այն։ Ամենավատ սցենարը Սյունիքի ամբողջական կամ մասնակի օկուպացիան էր, հնարավոր է նաև Վայոց ձորի որոշակի հատվածով։ Այլ տարբերակ էր անցման ապահովումը՝ երրորդ խոշոր պետության մասնակցությամբ։
Պողոսյանը շեշտում է, որ խնդիրը միայն Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների մասին չէ։ Խոսքը նաև Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող երթուղիների, թյուրքական պետությունների կազմակերպության զարգացման և շատ ավելի հզոր դերակատարների շահերի մասին է։ Այդ պատճառով, նրա համոզմամբ, երրորդ պետության ներգրավումը գրեթե անխուսափելի էր՝ եթե չիրականանար բացահայտ օկուպացիայի սցենարը։
Ըստ քաղաքագետի, սկզբում այդ դերակատարը Ռուսաստանն էր, իսկ ներկայում՝ Միացյալ Նահանգները։
Ուկրաինական պատերազմն ու ուժային հավասարակշռության փոփոխությունը
Պողոսյանի գնահատմամբ՝ ամերիկյան ներգրավվածությունը հնարավոր դարձավ առաջին հերթին այն պատճառով, որ Ռուսաստանը չկարողացավ արագ ավարտել Ուկրաինայի պատերազմը։ Եթե այդ պատերազմն ավարտվեր 2022-ին կամ գոնե 2023-ի ընթացքում, ապա, թեկուզ ոչ լիարժեք, Արցախը կարող էր շարունակել գոյություն ունենալ, և «միջանցքի» կամ «TRIPP»-ի թեման օրակարգում չէր հայտնվի։
Սակայն չորս տարի շարունակվող պատերազմը, Ռուսաստանի՝ սեփական կամքը պարտադրելու անկարողությունը և տարածաշրջանային ուժային հավասարակշռության փոփոխությունը, ըստ քաղաքագետի, բացեցին նոր հնարավորություններ այլ դերակատարների համար։
Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ որպես ռեակցիա, ոչ թե ռազմավարություն
Պողոսյանի համոզմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2020 թվականի նոյեմբերից ի վեր չի հիմնվել երկարաժամկետ, հաշվարկված ռազմավարության վրա։ Այն եղել է առավելապես ռեակցիոն՝ պայմանավորված արագ փոփոխվող արտաքին միջավայրով և անվտանգության սուր ճգնաժամերով։
Նրա խոսքով՝ 2021 թվականին Հայաստանը միանշանակ «պրոռուսական» դիրքավորում ուներ՝ զենքի պայմանագրերից մինչև քաղաքական հայտարարություններ։ Սակայն ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին և Ադրբեջանի աճող ռազմական ճնշման պայմաններում՝ Փառուխի դեպքերից մինչև Լաչինի միջանցքի փակումը և 2022 թվականի սեպտեմբերի լայնածավալ հարձակումը Հայաստանի վրա, ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը կամ չի կարող, կամ չի ցանկանում զսպել Բաքվին։
Այս պայմաններում, ըստ քաղաքագետի, Երևանը կանգնեց հարցի առաջ՝ ո՞վ կարող է կանգնեցնել Ալիևին, որի թիկունքում նաև Թուրքիան էր։ Այդ պահից սկսվեց արտաքին քաղաքական «դիվերսիֆիկացիան» և շրջադարձը դեպի Արևմուտք՝ ներառյալ հակառուսական հռետորաբանության ակտիվացումը, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը և 2022 թվականի հոկտեմբերյան հայտարարությունը, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս։
Չիրականացած ակնկալիքներն ու նոր շրջադարձը
Պողոսյանի գնահատմամբ՝ ակնկալիքները, թե ռուս խաղաղապահները կամ Արևմուտքը թույլ չեն տա Արցախում էթնիկ զտում, չարդարացան։ 2024 թվականին, երբ պարզ դարձավ, որ Ռուսաստանի «ամբողջական մեկուսացման» սցենարը չափազանցված է, Հայաստանը փորձեց որոշակիորեն վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ։
Սակայն 2025 թվականի սկզբին, երբ Ադրբեջանից կրկին հնչեցին վերջնագրային ուղերձներ՝ «միջանցք կամ պատերազմ» տրամաբանությամբ, հարցը, թե ո՞վ կարող է կանխել Սյունիքի օկուպացիան, կրկին արդիականացավ։ Ռուսաստանը շարունակում էր մնալ պատերազմի մեջ, Իրանը՝ թուլացած, և այս պայմաններում, քաղաքագետի համոզմամբ, TRIPP-ի ձևաչափը դիտարկվեց որպես Սյունիքի ամբողջական կամ մասնակի օկուպացիան կանխելու տարբերակ։
Հակասական հայտարարությունների պատճառը
Պողոսյանը շեշտում է, որ վերջին չորս տարիներին տարածաշրջանային իրավիճակը մի քանի անգամ կտրուկ փոխվել է, և Հայաստանի իշխանությունները փորձել են հարմարվել այդ փոփոխություններին՝ առանց հստակ ռազմավարական գծի։ Նրա կարծիքով, հենց այս ռեակցիոն մոտեցմամբ են պայմանավորված իշխանությունների կողմից հաճախ հնչող հակասական հայտարարությունները։

